Էջ:Arakel of Tabriz, History.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրանից հետո եկեղեցու գմբեթի տանիքը նորոգեցին, քանզի սալերը քանդվել և տեղերից հեռու էին թռել։ Իսկ եթե մեկը ցանկանում է իմանալ Սուրբ Էջմիածնի լուսակառույց, քրիստոսանկար, աստվածաբնակ տաճարի չափը, այսքան է. հիսուն հալաբի չափ երկայնքն է արևելքից դեպի արևմուտը, քառասունութ հալաբի լայնքն է հյուսիսից դեպի հարավ. երեսունհինգ հալաբի բարձրությունն է՝ ներսի կողմի գմբեթի պատից մինչև գետին։ Այս չափերը եկեղեցու մեջ ներսի կողմինն են առանց պատերի։

Եվ օրավուր նորոգում, հաստատում էր Սուրբ աթոռը, որով [հաստատում էր] քրիստոնեության հավատի ամեն կարգ ու կրոն։

Որովհետև Սուրբ աթոռի նորոգման լուրը հռչակվելով ծավալվեց ողջ աշխարհում՝ Հունաստանում, Պարսկաստանում, Քրդաստանում, Վրաստանում, ուստի ամենքն էլ ուրախանալով ցնծում էին։

Մովսես վարդապետը նաև իր աշակերտներից ուղարկեց ամեն կողմ քարոզության, որոնք գնացին հոգեբուխ քարոզությամբ և բարեկրոն վարքով հաստատեցին քրիստոնեական հավատի և եկեղեցական ավանդության կարգերն ու կրոնը, որովհետև ուր էլ գնում էին, ըստ իրենց վարդապետի նմանության ճշմարիտ գործեր էին ցույց տալիս։ Շինում էին եկեղեցիներ, կարգում էին քահանաներ և պարտելով կործանում էին ճշմարտության հակառակորդներին, որի հետևանքով զորանում, առաջանում էր ճշմարտությունը։ Այլև այս հոգելից սուրբ վարդապետ տեր Մովսեսը հաստատեց դպրոց Օհանավանքի123 մեծափառ Սուրբ Ուխտում, որտեղ հավաքեց բազմաթիվ մանուկներ և ամենի ծախսն ու պետքերը ինքն էր հոգում, իսկ մանուկները անզբաղմունք ու անխափան սովորում էին եկեղեցական ուսումը, աստվածաշնչական գրքերը, իմաստասիրություն։ Սրանք բոլորը եղան երկրին պիտանի մարդիկ և օգտակար՝ վարդապետներ, եպիսկոպոսներ, աբեղաներ, քահանաներ և բոլոր վանքերը, որ ամայացել ու խավարի մեջ էին, լցվեցին միաբաններով, աբեղաներով, կրոնավորներով, իսկ գյուղերը հմուտ քահանաներով։ Այս պատճառով ողջ ժողովուրդը, որ ամբողջ աշխարհում բնակված է, առաջին կաթողիկոսի անկարգությունից ձանձրացած, իսկ