Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անապատի շրջապատում էին և այդպես համբերեց ութ ամիս։

Այս ժամանակները Մովսես կաթողիկոսը տակավին վարդապետ լինելով քարոզությամբ շրջում էր երկրում և լուսավորում բոլոր մարդկանց ինչպես արեգակ։ Իսկ պարոն Սարգիսը՝ մեծ անապատի հայրը, Փիլիպոսին տվեց Մովսես վարդապետին աշակերտության։ Սրա մոտ մնալով Փիլիպոսը հասավ արբունքի՝ երիտասարդական հասակի։ Նրան օրհնեցին աբեղա՝ կուսակրոն քահանա, իսկ նա գիշեր-ցերեկ հետևում էր ճգնական վարքի, առաքինի գործերի և Աստվածաշնչական գրքերի ընթերցման։ Մովսես վարդապետը տեսնելով սրա առաջադիմությունը՝ իր համաձայնությամբ ու բոլոր միաբանների վկայությամբ նրան վարդապետական իշխանություն, քիչ տարիներ անց վարդապետական գավազան տվեց. 1070 (1630) թվականին նրան օրհնեց եպիսկոպոս։

1081 (1632) թվականին, երբ հասավ Մովսես կաթողիկոսի վախճանը, նրա մոտ հավաքվեցին եպիսկոպոսներ, վարդապետներ և երևելի մարդիկ, նաև Թահմազղուլի խանը՝ քաղաքի իշխանը, և ողբալով ասացին. «Որովհետև քո տերը և կյանք տվողը այդպես կամեցավ, որ դու հեռանաս ու գնաս մեզնից, ուստի այժմ խնդրում ենք քո հայրախնամ գութից, որպեսզի մեզ բոլորովին որբ չթողնես, այլ հայտնես մեզ, թե ումն ես տալիս մեզ, որ քեզնից հետո լինի հայր և հովիվ»։ Նա ասաց. «Դուք գիտեք, ում կամենում եք, ընտրեցեք»։ Իսկ ժողովի բազմությունը ասաց. «Մենք ամբողջ աշխարհով քեզ ընտրեցինք, իսկ այժմ դու ում ընտրես, մեզ ընդունելի է»։ Նա ասաց. «Ես կամենում եմ, որ Փիլիպոս վարդապետը լինի իմ փոխանորդը և Սուրբ Էջմիածնի աթոռի հաջորդը»։ Երբ նրանք բոլորը լսեցին, հոժար կամքով հաճեցին և ընդունեցին, որ Փիլիպոսը լինի կաթողիկոս։ Երբ Մովսեսի մահվան լուրը տարածվեց ողջ աշխարհում՝ արևելքում, արևմուտքում, նաև այն խոսքը, թե Փիլիպոսի համար պատվիրել է կաթողիկոս անել բոլորը հոժարությամբ և կամովի հավանություն տվին, այս պատճառով ամեն տեղից ուղարկեցին վկայական թղթեր, որպեսզի Փիլիպոս վարդապետը լինի կաթողիկոս։ Մինչև վկայական թղթերի գալը այդ տարին անցավ, վրա հասավ 1082 (1633) թվականը, երբ նրան հունվար ամսի 13-ին տիրոջ