Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտքի տեսողությունը հառելով բոլոր սրտերը տեսնող աստծուն, աչքերից արտասուք հոսեցնելով աղոթք արեց բավական ժամեր. աղոթքից հետո, երբ ասաց «հայր մեր երկնքում», առավ խնձորից, գլորեց հեռու և խանդաղատական խոսքով ասաց փոքրիկ մանկանը, «վեր կաց, որդյակ, վեր կաց և գնա այն խնձորը բեր»։ Այն ժամանակ շնորհներով ու ողորմությամբ բարերար աստծու մանուկը ոտքի ելավ, գնաց վերցրեց խնձորը, բերեց հայրապետի մոտ: Մյուս անգամ հայրապետը մանկանն ասաց. «վերցրի՞ր խնձորը, որդյակ»։ Այն ժամանակ աստծո շնորհներով համր մանուկը պատասխանեց. «Այո, վերցրի, և ահա այն»։ Սուրբ հայրապետն ասաց.«Այժմ փառք տուր աստծուն, որդյակ, և գնա գոհացած նրանից»։ Մանուկն ասաց, «Փառք աստծո»։ Ապա մանկանը տվեց եղբորը, որ առավ գնաց՝ փառավորելով հրաշագործ աստծուն, որ զորության շնորհ է տալիս իր ծառաներին։ (Կան նաև ուրիշ շատ հրաշագործություններ, որ սուրբ կաթողիկոս տեր Փիլիպոսը արել է, և որ մեր իսկ աչքերով տեսել ենք, բայց այսքանը բավական է)։

Նա նաև խոր մտածող, խելոք, աշխարհաշեն և արդյունարար մարդ էր, աստվածաշնչական գրքերի մեջ սրամիտ, նրբաքնին, խրատների ու քարոզների մեջ քաղցրախոս, արդյունավոր։ Եվ սրանք աղոթքների շնորհիվ աստիճանաբար հետո ստացավ, որովհետև ամեն տեղ, ուր էլ քարոզում էր ու կանոնադրում, ամենը պտղաբերում և արդյունավետ էր դառնում։

Նաև շատ տոնասեր էր, տոները պայծառացնող, եկեղեցիները զարդարող, տերունական և սուրբ աստծո տոների պատվիչ, ինչպես որ գրված է Հովհան Օձնեցու մասին։ Այս պատճառով նրա անունը չափազանց հռչակվեց և համբավը տարածվեց ողջ աշխարհում՝ ոչ միայն հայերի մեջ, այլև մահմեդականների, վրացիների, և ամենքը սիրում, հարգում էին նրան։ Առավել ճգնության, սրբության և աստծուն հաճելի ծառա լինելու համար խիստ վախենում էին նրանից ոչ միայն ռամիկները, այլև աշխարհակալները, իշխանները, զորավարները, քանզի նրա թշնամիներից շատերին տեսան, որոնք կործանվեցին, մեջտեղից վերացան և նրա սիրելիներից, որոնք զորանալով առաջադիմեցին։