Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես մեռել: Այնուհետև տեր Փիլիպոսը դադարեց աղոթելուց և մոտականերին հրամայեց վերցնել նրան և տուն տանել։ Եկեղեցու սպասավորները մոտեցան սրբեցին փսխած տեղը։ Այդ օրից և հետագայում Քրիստոսի շնորհներով և աստծու մարդ տեր Փիլիպոսի աղոթքներով այն միաբանը ազատվեց այդ հիվանդությունից։ Ազատված միաբանը ինքն էր պատմում, թէ՝ «Մինչդեռ միաբանները ինձ բռնած ունեին ավետարանի ներքո, որ ժամարարը կարդում էր, տեսնում էի, որ մի ահագին սև վիշապ օձ պատել էր իմ մեջքը, պարանոցս և ամբողջ մարմինս: Նաև տեսա Փիլիպոս հոգևոր տիրոջը, որ իր ձեռքում բռնել էր խիստ մեծ մերկ սուսեր, սրընթաց հարձակումով մտավ եկեղեցու դռնով և հասավ ինձ մոտ. այդ սրով զարկեց օձին, որ փաթաթվել էր ինձ, և կտրատելով ինձնից ցած թափեց։ Օձի գլուխը և կտորները մեծ շտապանքով փախուստի դիմելով ելան եկեղեցուց ու կորան»: Ոչ միայն այս, այլև այսպիսի շատերի բժշկեց, բայց այս միայն գրեցի իբրև օրինակ նաև մյուսների համար։

Պատմեմ նաև մյուս հրաշքը: Երբ տեր Փիլիպոս կաթողիկոսը քարոզությամբ շրջում էր օսմանցիների երկրում, Անկարա քաղաքում զատկի մեծ տոնի կիրակի օրը այսպիսի բան պատահեց։ Մինչդեռ տեր Փիլիպոս հայրապետը առանձնացած նստած էր, իսկ իր աշակերտներից Հովհաննես անունով մի վարդապետ՝ երևելի մի մարդ, կանգնած էր նրա առջև: Տեսան, որ մոտ տասնհինգամյա մի պատանի եկավ, որ մեջքին ուներ մի փոքրիկ մոտ յոթնամյա մանուկ, որին բերեց, դրեց հայրապետի առջև։ Նույն պատանին նաև իր ձեռքում բռնած էր իր գլխարկով լիքը խնձոր և ներկած ձու։ Այդ էլ դրեց հայրապետի առջև և աղաչանքով ու աղերսանքով խոսեց և ասաց նրան. «Քո ծառան եմ, տեր հոգևոր, այս փոքրիկ մանուկը, որ դրի քո սրբության առջև, իմ եղբայրն է, այսքան տարի է, որ ծնվել է, ոչ կարողանում է խոսել, քանզի համր է, և ոչ կարողանում է կանգնել, քանզի ոտքերը թույլ են։ Դրա համար մեծ պաղատանքով խնդրում եմ քո սրբությունից, որպեսզի սրա վրա աղոթք անես, և ես հավատամ տիրոջը, որ քո աղոթքով առողջություն լինի իմ եղբորը։ Իսկ մեր հայրը և սուրբ հայրապետը ծնկի եկավ, ձեռքերը վեր բարձրացրեց և իր մեջ հավաքելով մտքերը և իր