Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա կառուցված ավագ բեմն էր ավերված ու քանդված մինչև հատակը և աղբով ու փողոցի կեղտով լցված էր մինչև վեր։ Այս նորոգման ժամանակ տեր Հովհաննես անունով մի աբեղա կար, որ մի ստեղծարար, գործունյա և խորախորհուրդ մարդ էր, սրան տեր Փիլիպոս կաթողիկոսը նշանակել էր այս գործի վերակացու և գործերի վարիչ։ Սա մի օր ինչ-որ պատրվակով բոլոր գործավորներին ուրիշ տեղ է ուղարկած լինում, իսկ առանձնացրած տեղը մի գիշեր և ցերեկ ինքը միայնակ քանդեց գետինը, որտեղ մտքի ազդեցությամբ կարծիք էր ունեցել. այնքան փորեց հողը, մինչև հասավ անշարժ հողին, որի վրա դրված էր եկեղեցու հիմքը. այնտեղ՝ հիմքի տակ, երեք տապան գտավ, որոնցից մեկը հարավային կողմն էր, մյուսը՝ հյուսիսային, երրորդը՝ արևելյան։ Երբ տապանը բացեց, իսկույն նորասքանչ ու զարմանալի անուշ հոտ բուրեց, որի անուշության որպես լինելը ոչ ոք չի կարող պատմել, որ ծավալվելով լցրեց ամբողջ վայրը: Նա տեսնում է տառապանքի մեջ յուրաքանչյուրի նշխարները՝ սպիտակ, փայլուն, ինչպես ձյուն, և տապանների մեջ ամբողջ նշխարները լրիվ անպակաս։ Սրա վրա ցնծալից բերկրությամբ լցված տեր Հովհաննեսը ընկնում է երեսի վրա և երկրպագում աստծուն և գոհանում նրանից, որ իրեն արժանի արեց այդպիսի շնորհների։ Ապա առնելով սրբերի ոսկորներից մի մասունք վերցնում է իբրև հավաստիության նշան, ապա կափարիչ վեմը դնում է տապանների վրա, խճով, կրով ամրացնում, փակում է տապանները և նշանները անհետ անելով կորցնում է։ Գործավոր մարդկանցից ոչ ոք այդ չիմացավ։ Այս անելուց հետո վերցրած մասունքը բերում ցույց է տալիս վարդապետներին ու բոլոր միաբաններին ու պատմում որպիսությունը, որի համար բոլորը ցնծության ձայնով գոհանում են աստծուց և ուրախանում անպատմելի ուրախությամբ։ Սուրբ կույս Գայանեի ու նրա ընկերների նշխարների գյուտը և նույնի եկեղեցու նորոգումը կատարվեցին 1101 [1652] թվականի հոկտեբեր ամսի 19-ի երեքշաբթի օրը։

Երբ Գայանե կույսի տաճարի ամբողջ շինվածքը ավարտվեց, ապա գնացին սրբուհի կույս Հռիփսիմեի տաճարը և ձեռնարկելով սկսեցին այն ևս նորոգել, որովհետև եկեղեցու