Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտաքին կողմից գմբեթի գլուխը, ամբողջ տանիքը, պատերի երեսները և նրանց հատակները, իսկ ներսի կողմից բեմը, հատակի սալարկը, չորս խորանների մեջը՝ բոլոր հիշածներս ավերված ու քայքայված էին, դրա համար մեծ ջանքով և երկար աշխատանքով ճիգ թափելով ամբողջը նորոգեցին, վերջացրին և եկեղեցու գագաթին [գմբեթին] շինեցին տերունական խաչի նշանը [խաչը]: Եվ մեր տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով ու ողորմածությամբ այստեղ ևս ի հայտ գալով գտնվեց սրբուհի կույս Հռիփսիմեի նշխարը՝ ոչ միայն մեկ, այլ երեք տեղում, որ բաժին–բաժին էին արել և ամփոփել ապահով տեղերում, երկու տեղերի նշխարները դրել էին վեմերի միջև, իսկ մեկը, որի նշխարները շատ էին, դրված էին փայտյա արկղի մեջ, որ սնդուկն է, իսկ փոքրիկ տեղը իբրև մատուռ շինված էր նշխարների համար և այնտեղ դրել էին նշխարներով լի սնդուկը, իսկ մատուռի պատին գրեր էին գրված, որի օրինակը առա ահավասիկ գրեցի այստեղ, որ հետևյալն է։

+ Ով անբաժանելի ծոցածին հոր և համազույգ հոգու, այսինքն՝ երկրայիններին կամեցողի, անոխակալ երկնավոր փեսայի հարս հրաշափառ ու երջանիկ նահատակ, բարեգործ արքային նվաճող՝ լինելով գլխավոր միշտ և անընդհատ քեզ ծանոթ սուրբ հոգու համար սպասավոր։

+ Ով սրբուհի, աղաչում եմ քո բարեխոսությամբ և անսպառ աղոթքներով այնտեղ պահապան եղիր քո անվան հիշատակողներին և այնտեղ ինձ, որով հանդես կգաս երկրայիններիս համար լինելու սուրբ կույս, արագ օգնական, որ և կլինես պատսպարան ամեն բանի մեջ, հաղթող ու բարեխոս։

+ Հիշիր և ինձ, որ ինքնահաճ նվիրվեցի իսկապես ըստ անվան վերստին աստվածաստեղծի այս տաճարին իբրև մասնակի զոհ, որի շնորհներով ես բավարարվեցի. աղաչում եմ անձով և հարակից անունով քեզ, Հռիփսիմե[1]:

+ Սուրբ կաթողիկե արքեպիսկոպոսարանի Հակոբ քահանա։

+ Ես Խոսրովիկ Սուրբ Հռիփսիմեի ծառա։

  1. Թարգմանեցինք մոտավորապես, քանի որ դժվար հասկանալի է (Վ.Ա.)։