Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև նախապես Էջմիածնի վանքը զանգակատուն չուներ։ Բայց Փիլիպոս կաթողիկոսի սրտում կար զանգակատուն շինելու բուռն ցանկություն։ Եվ [աստված] յուր երկյուղածների կամքը կատարում է, նրա սրտի ցանկությունը կատարեց հետևյալ ձևով։

Այն ժամանակ, երբ տեր Փիլիպոս կաթողիկոսը Կոստանդնուպոլսում էր, այնտեղ էր ազգով հայ քրիստոնյա մի մարդ, որի անունն էր Անտոն չելեպի։ Սա Բուբսա քաղաքից էր, որի տանուտեղը և բնակությունը այնտեղ Բորսայում էր։ Բայց նաև Իզմիր քաղաքում ուներ տուն ու ապարանք. Կոստանդնուպոլսում էլ ուներ հոյակապ ոսկեզօծ գույնզգույն զարդարված տուն ու ապարանք։ Այս Անտոն չելեպին չափազանց երևելի ու այնքան հռչակված էր, որ մինչև իսկ հայտնի էր օսմանցիների թագավորի արքունիքում, նաև ֆռանկների հեռավոր երկրներում, Պարսկաստանում, քանի որ չափազանց ունևոր էր ու հարուստ։ Իր գործը վաճառականությունն էր, որի առիթով երբեմն լինում էր Կոստանդնուպոլսում և երբեմն Զմյուռնիայում, որ Իզմիրն է։ [Եվ երբ վաճառականների կարավանները պարսից երկրից գալիս էին Իզմիր, կարավանի ամբողջ բեռները միանգամից գնում էր, ինչ էլ որ լիներ, թե մետաքս, թե որևէ հազվագյուտ բան, և միանգամից գինը վճարում էր: Այսպես էլ ֆռանկների երկրից, երբ նավերը թանկագին հարստությամբ բարձված բեռներով ծովով գալիս էին, նավի բեռը ինքը միայնակ միանգամից գնում էր և անմիջապես գինը վճարում]։

Եվ այն օրերին, երբ Փիլիպոս կաթողիկոսը Կոստանդուպոլսում էր, պատահեց, որ այնտեղ եղավ նաև Անտոն չելեպին, որը տեսնելով տեր Փիլիպոսի առաքելաշնորհ վարդապետությունը և մաքրակենցաղ ապրելակերպը՝ սիրով կապվեց։ Սրան տեր Փիլիպոսը ասաց. «Որովհետև աստվածայն իշխանությունից ամեն ինչ անպակաս պարգևած է քեզ՝ թե ինչքի առատություն, թե ծառաների բազմություն, թե անվան մեծություն, արդ դու պետք է ըստ քո հարգարժան անվան երևելի հոգևոր հիշատակ թողնես երկրում քեզ համար. դրանցից մեկը, որ քո առաջ կա, այդ Էջմիածնի զանգակատունն է, որ չափազանց հարկավոր է, բայց չկա։ Արդ՝ կամենում եմ, որ դու Սուրբ աթոռի այս պակասությունը լրացնես։ Իսկ չելեպին