Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ հոժարությամբ և ինքնակամ խոնարհությամբ ենթարկվելով հայրապետի հրամանին հանձն առավ կատարել նրա խնդրանքը։ Նա ասաց հայրապետին. «Որովհետև այդպես է քո ցանկությունը, նաև հարկավոր է Սուրբ աթոռ Էջմիածնին, իմ կողմից դու եղիր ինձ փոխարինող և հայր։ Աստծու օգնությամբ երբ Էջմիածին գնաս, որքան անհրաժեշտ է և հաճելի քո սրտի ցանկությանը, լայն, ընդարձակ, հաստահեղույս քո բարձրաշեն գեղեցկատես նկարակերտությամբ ձեռնարկելով կշինես, իսկ դրամական ամբողջ ծախսը, որ այնտեղի լինի, ես լիուլի և հոժարությամբ հավելումով կվճարեմ»։

Արդ՝ այս պայմանով երբ Փիլիպոս կաթողիկոսը հասավ Սուրբ Էջմիածին, սկսեց զանգակատան շինությունը, որի սկիզբն ու հիմնարկումը տեղի ունեցան մեր թվականության 1103 [1654] տարվա աղուհացքի[1] օրերում։ Սուրբ Էջմիածնի աստծու մեծ տաճարի արևմտյան կողմում, արևմտյան դռան վրա, սրա պատին ընդհուպ և կից սույն տարում բարձրացավ շենքը, մինչև կապվեցին ներքին կամարները, վրա հասավ ձմեռը, և փոխվեց 1104 թվականը, և երբ հասան մարտ ամիսը՝ աղուհացքի հինգերորդ կիրակին, տեղի ունեցավ մեծ հայրապետ տեր Փիլիպոս կաթողիկոսի վախճանը, ուստի և խանգարվելով խափանվեց զանգակատան կառուցումը։

Քանզի Երևան քաղաքի իշխանը Լալաբեկի որդի Մահմադ խանն էր. այս այն Լալաբեկն է, որ ոչխարի հարկի մասին գրված գլխում հիշատակեցինք։ Սրա որդի Մահմադղուլի խանն էր, մի գոռոզ հաստագլուխ, այլև քրիստոնյաների նկատմամբ կոպիտ մարդ էր։ Թեպետ կաշառքով և շատ խնդրանքով Փիլիպոս կաթողիկոսը հրաման խնդրեց նրանից զանգակատան շինության համար, սակայն խանը նրան չլսեց իր կոպտության պատճառով։ Բայց կաթողիկոսը, որի հույսն առ աստված հաստատուն էր և այդ հույսով զանգակատան հիմքը դրեց և սկսեց շինել։ Իսկ երբ Փիլիպոս կաթողիկոսը վախճանվեց, զանգակատունը խանի չարության պատճառով մնաց կիսաշեն, որովհետև միշտ ասում էր, թե

  1. Մեծ պասը: