Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանգակատունը չեմ թողնի շեն, այլ քանդելու եմ։ Այդ տարին նախախնամող աստված պահեց զանգակատունը և խանին քանդեց, քանզի անվանի և ավելի մեծ իշխաններ երկրորդ Շահ-Աբաս թագավորի կողմից ուղարկվեցին Արարատյան աշխարհը պետական գործերի և Մահմադղուլի խանի բարքի (քննության) համար, որը մարդատեղ չդնելով անպատիվ էր անում իշխաններին, չարանում էր նրանց դեմ. այնքան արեց, մինչև որ զայրացրեց իշխանների սրտերը, իսկ նրանք երբ գնացին թագավորի մոտ, սկսեցին ամբաստանել խանին, ուստի թագավորը ցասումով լցվեց խանի դեմ, նրան իշխանությունից գցեց՝ հափշտակելով, բռնագրավելով նրա ողջ հարստությունը, և կապանքներով տարավ Սպահան քաղաքը։ Թագավորական ծառայողներից Նաջաֆղուլի խան անունով մեկին ուղարկեց Երևան իբրև կառավարիչ։ Սրա մոտ գնաց տեր Հակոբ կաթողիկոսը և շատ օրեր նրա դռները գնալ–գալով և շատ ոսկի ու դրամ տալով նրան ու նրա իշխաններին, հազիվ զանգակատան շինության թույլտվություն առավ։ Արդ՝ մինչև ամենը եղավ, վերջացավ, թվականը փոխվեց և հասավ 1106 [1657] թվի հուլիս ամիսը։ Ապա այնուհետև սկսեցին կառուցել մինչև ավարտը հրաշալի արվեստով, քարերի վրա բոլոր պատշաճավոր տեղերում քանդակազարդեցին կենդանիների, գազանների, անասունների, թռչունների, բույսերի և տունկերի զանազան տեսակներ, նաև կառույցի հորինվածքը շատ գեղեցիկ ու ներդաշնակ է՝ խարիսխները, սյուները, խոյակները, կամարները և մնացած ամենը։ Նրա օրհնության օրը անվանեցին Սուրբ հրեշտակապետ՝ խորհրդանշելով գաբրիելյան փողը, որ բարձունքից կանչելու է։ Զանգակատան ավարտը տեղի ունեցավ 1107 [1658] թվականին և խաչվերացի130 տոնին օրհնեցին խաչը, որ զանգակատան գլխին է, ապա քանդեցին տախտակամածները։ Արդ զանգակատան ստույգ պատմությունը այս է, թեպետ նրա վրա գրված թվականները այլ են։

Որքան Փիլիպոս կաթողիկոսը ապրեց աշխարհում՝ թե իր վարդապետության, թե կաթողիկոսության ժամանակ, անդադար ու անխափան արեց ու գործեց արդյունավետ գործեր աշխարհում, մանավանդ բարձրագահ աթոռ, Սուրբ Էջմիածնի համար: Սրանով ավելի հաստատուն դարձավ,