Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրորդ օրը, որ երկուշաբթի էր, տկարացավ և ընկավ մահիճ։ Նրա մոտ հավաքվեցին բոլոր միաբաններն ու նրա աշակերտները։ Հարցնում էին տկարության մասին։ Նրանց պատասխանելով ասաց. «Այս է իմ վերջին տկարությունը, այլևս չեմ առողջանա, քանզի մինչ քարոզս էի ասում, երբ հասա այն խոսքին, որ ասաց՝ չես կարող այլևս տնտես լինել, ինձ թվաց, որ ինչ–որ մեկից հայտնվեց իմ սրտում, թե այլևս մարմնավոր կյանքով չես ապրի, այլևս չես տնտեսի աստծու տունը, այլ մահվամբ ես վճարվում, ինչպես որ խոսքը վկայելով ասաց, չես կարող այլևս տնտես լինել»։ Նրա այս խոսքերը լսելով բոլորը մորմոքում ու մղկտում էին նրա ասածի վրա, բայց նա ըստ իր աստվածատուր շնորհների բոլորին մխիթարում էր։ Այդպես տկար մնաց մինչև հասավ հինգերորդ կիրակին և այդ գիշեր առավոտվա դեմ սկսվեց հոգեվարքը։ Ինքը իմացավ, որ հոգեվարքի մեջ է, ուստի միշտ աղոթք ու օրհնաբանություն ուներ բերանում աստծու հանդեպ՝ ասելով. «Այժմ արձակիր քո ծառաներին[1], տեր, դեպի խաղաղություն ըստ քո խոսքի»։ Փիլիպոս սուրբ Հայրապետը յուր սրբասուն հոգին ավանդեց աստծու ձեռքը։

Նրա մահվան լուրը տարածվեց Արարատյան աշխարհի բոլոր շրջակա գավառները։ Ամեն ոք, ով լսում էր, վհատված, թուլացած գետին էր ընկնում, որովհետև նա հայերի շուրջը ամուր պարիսպ էր, որ փլվեց։ Շրջակա գավառներից մեծ բազմություններ հավաքվեցին, եկան, որովհետև վեց օր անթաղ մնաց, Էջմիածնի միաբանները և բոլոր վարդապետները կամենում էին Սուրբ Էջնիածնի դռանը իր շինած զանգակատան մեջ թաղել, բայց իշխան Մահմադղուլի խանը, որ մեծ ոխ ու նախանձ ուներ հայրապետի դեմ, հայրապետի՝ խանի համեմատությամբ ավելի հզոր լինելու, այլև զանգակատունը շինելու պատճառով, քանի որ խանը չէր թույլ տալիս զանգակատուն շինել, իսկ կաթողիկոսը իր ուժի հզորությամբ հիմնարկեց և սկսեց շինել, և ներկայումս հայրապետի վախճանված լինելու ժամանակ, երբ լսեց, թե կամենում են զանգակատան մեջ թաղել, խիստ գրգռվեց, չարացավ և չէր թողնում զանգակատան մեջ թաղել, այլ մեծ հոխորտանքով

  1. Ղուկ. Բ 29: