Էջ:Arakel of Tabriz, History.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում էր, թե ես զանգակատունը քանդելու եմ։ Եվ այս պատճառով կաթողիկոսը վեց օր անթաղ մնաց. դագաղով Էջմիածնի տաճարի մեջ գրված էր, նա զվարթ երեսով ինչպես կենդանի մարդ քնած էր, և նրանից անուշ հոտ էր բուրում. ամենքը, որ մոտենում էին նրան համբուրելու, արմանում ու զարմանում էին հորդաբուխ անուշահոտի և երեսի զվարթության վրա. ոչ միայն քրիստոնյաները, այլև այլազգի մահմեդականները հիացած վերև աստծուն փառք էին առաքում, որ փառավորում է իր սրբերին։

Եվ որովհետև Մահմադղուլի խանը չմեղմացավ իր բիրտ բարքից, չթողեց կաթողիկոսին Սուրբ Էջմիածնում թաղել, այս պատճառով Սուրբ Էջմիածնից վերցրին նրա մարմնի պատվական մասունքները խաչով, ավետարանով, մոմերով, հոգևոր երգերով տարան սուրբ կույս Հռիփսիմեի տաճարը և այնտեղ տաճարի մեջ խորանի հյուսիսային կողմում հանգստի դրին նրան։ Նա Քրիստոսի մոտ բարեխոս է բոլոր քրիստոնյաների և իր հոգեծնունդ որդիների համար։ Այժմ երկրի բոլոր բնակիչներից ցավագարները, ախտավորները ուխտ են գալիս նրա սուրբ տապանը համբուրելու և առողջություն են գտնում իրենց ցավերից և փառավորելով Քրիստոսին՝ գնում են իրենց տեղերը։

Սուրբ ու տիեզերալույս հայրապետ տեր Փիլիպոսի վախճանը տեղի ունեցավ մեր թվականության 1104 [1655] թվականի մարտի քսանհինգին աղուհացքի պասի հինգերորդ կիրակի օրը։ Նա կաթողիկոսություն արեց քսաներկու տարի երեք ամիս, իսկ ինքը երբ վախճանվեց, վաթսուներեք տարեկան էր։

Նրանից հետո Սուրբ Էջմիածնի կաթողիկոսությունը ստանձնեց ջուղայեցի Հակոբ վարդապետը։ Քանզի Փիլիպոսի մահվան առթիվ հավաքված վարդապետները, եպիսկոպոսները մնացին Սուրբ Էջմիածնում մինչև ծաղկազարդի131 տոնը և այդ տոնին, միևնույն թվականի ապրիլ ամսի յոթին Հակոբ վարդապետին օրհնեցին կաթողիկոս, ապա յուրաքանչյուրը գնաց իր տեղը՝ փառավորելով հորը, որդուն և սուրբ հոգուն հավիտյանս հավիտենից. ամեն։