Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ ԻԶ
ՆՇԱՆԱՎՈՐ ՎԱՆՔԵՐԻ ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԾԱԽՍ ՈՒ ՄԵԾԱՎԱՅԵԼՈՒՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպես գարնանը, երբ հարավային հողմը փչելով ծննդագործում է հողը և բխեցնում է բազմազան ծաղիկների սեռերն ու տեսակները, որոնցով երփնազարդվելով վայելուչ տեսք է ստանում երկրի երեսը, այդպես էլ կարծես այս երկու կաթողիկոսների՝ Մովսեսի ու Փիլիպոսի ժամանակները։ Որովհետև բազմաթիվ վանքեր, անապատներ ու եկեղեցիներ շինվեցին, որոնցից մեկը Սուրբ Ստեփանոս Նախավկայի մեծ ու անվանի վանքն է, որ Դարաշամբի ձորում է։ Սա նախապես անպարիսպ էր, նաև տների ու հարկերի շինվածքները խարխլված, բլբլված էին, իսկ կառույցների դիրքը վատ ու անպետք։ Սակայն ջուղայեցի Հակոբ վարդապետը, որ Փիլիպոսից հետո դարձավ կաթողիկոս, Փիլիպոսի կաթողիկոսության ժամանակ սկսեց նորոգել և միանգամից բոլոր շինվածքները հիմքից քանդեց՝ եկեղեցին, տները, խցերը և մյուս բոլորը, ապա ինքը հիմնարկեց եկեղեցին․ սրբատաշ քարերով, բարձրաբերձ գմբեթով, գեղեցկատես ու զանազան արվեստավոր նկարակերտությամբ զարդարված խաչանման եկեղեցի շինեց։ Այսպես էլ շուրջանակի պարիսպը, տները, խցերը ամուր ու հաստահեղույս քարերով կառուցեց, որոնց ձևն ու դիրքը հարմարությունները չափազանց վայելուչ ու պատշաճ էին, որոնք մեծ աշխատանքով և շատ ծախսերով տասը տարում հազիվ ավարտվեցին, որովհետև քարն ու աղյուսը Աստապատ132 գյուղից Արաքս գետի ջրերի վրայով տուփերով էին բերում, քարերի մի մասն էլ ձիով բերում էին Արարգ133 գյուղից։ Այդպես էլ կիրն ու փայտը, հացը մեծ չարչարանքով ու ջանքով հեռու տեղերից էին բերում․ այդպես կատարելով ավարտեցին աստծու և նրա սրբերի փառքի համար։

Այդպես էլ Եսայի վարդապետը, որ Մեղրի134 կոչված գյուղից էր, տեր Մովսես կաթողիկոսի աշակերտներից․ սա Փիլիպոս կաթողիկոսի կողմից եպիսկոպոս ու առաջնորդ կարգվեց սուրբ Կարապետի վանքի, որ Երնջակի135 գավառում