Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նաև աստծու փառքի հոյակապ, լայնանիստ, բարձրաբերձ տաճարը՝ Սուրբ Մեսրոպ մեծ վարդապետի հանգստարանը, այն Մեսրոպի, որ հայոց գրերը գտավ․ ինչպես որ նրա պատմության խոսքերն են ասում, թե նրան տարան ամփոփեցին այն գյուղում, որ անվանվում է Օշական139։ Արդ՝ Սուրբ Մեսրոպ վարդապետի այս տաճար-հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն ավագ խորանն էր մնացել ծածուկ։ Եվ սուրբ հայրապետ Փիլիպոսը իր կաթողիկոսության ժամանակներում սկսեց այն ևս նորոգել, որ և արեց մեծ ծախսերով և աշխատանքով, մշակված քարով, մածուցիկ կրով մինչև ամբողջը ավարտեց մեր թվականի 1094 [1645] տարում ի փառս աստծո։

Նաև բարձրաբերձ, լայնանիստ մեծաշուք տաճարը, որ հանուն սրբուհի Աստվածածնի շինեց, կար հին և վաղ ժամանակներից Բջնի140 գյուղում։ Այս տաճարի տանիքը ամբողջովին ավերված, քայքայված էր. նորոգվեց Փիլիպոս կաթողիկոսի հրամանով, քրիստոսասեր մեծ պատրիկի՝ ջուղայեցի խոջա Պետրոսի միջոցներով, որին մականունով Բդուզ Պետրոս էին ասում։ Վանքի եպիսկոպոսի անունն էր Փիլիպոս. այդ ժամանակ մեր թվականության 1092 [1643] տարին էր։ Հետո նույն վանքի առաջնորդ եղավ տեր Փիլիպոս կաթողիկոսի աշակերտ Մովսես վարդապետը, որը վանքին շուրջանակի պարիսպ քաշեց գեղեցիկ ներդաշնակությամբ և տեսնողներին հաճելի։

Իսկ Քասախ141 գետի վրա շատ խոր ձորի մեջ, Աշտարակ գյուղին մոտիկ կամուրջը, որ մեծաչք և բարձրաշեն կրով ու տաշած քարով էր շինված, հնացել, աչքի կեսը խախտվել ու փլվել էր, բայց չափազանց անհրաժեշտ էր, քանզի շատ գավառների ու ճանապարհների անցատեղի էր։ Այս պատճառով բարեպաշտ և քրիստոսասեր մի մարդ՝ Մահտեսի խոջա Գրիգորը, որ մականունով Մոծակենց Գրիգոր էին ասում և բուն տեղացի Երևան քաղաքից էր, հին կամուրջը, որ փլուզվելու էր մոտեցել, քանդեց, ապա տեղը փոխեց և սկսեց հիմքից ամուր, հաստատուն, կրով ու տաշած քարով նորը շինել պատշաճ ու բարեվայելուչ՝ կառուցելով հիմքից մինչև ավարտը իր հոգու փրկության և առ աստված ունեցած հույսի համար։ Շատ չարչարանք քաշեց, շատ փող ծախսեց, մինչև որ