Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավարտեց մեր թվականության 1113 [1664] տարում ի փառս աստծու142։

Ուրիշ շատ վանքեր էլ կան նորոգված, կամ բազմաթիվ եկեղեցիներ հիմքից շինված Թիֆլիսում, Լոռու գավառում, Արարատյան երկրում, Սիսական գավառում, Ղափանի գավառում, Նախիջևան քաղաքում և սրա գյուղերում, ինչպես Աստապատի մեծաշուք և վայելչատես եկեղեցին, Նախիջևան քաղաքի եկեղեցին, Ճահուկ, Շահակերտ, Գաղ գյուղերի եկեղեցիները, որոնք շինվեցին տեր Հակոբ կաթողիկոսի օրերում։ Նաև Շոռոթի եկեղեցին, Ագուլիսի վանքը և գյուղի չորս եկեղեցիները, Թավրիզ քաղաքի եկեղեցին, Դարաշամբի եկեղեցին, Ցղնայի եկեղեցին, սրանք և ուրիշներ, որոնք չեմ հիշատակում, մի մասը Մովսես կաթողիկոսի օրերում շինվեց, մի մասը՝ Փիլիպոս կաթողիկոսի օրերում, որոնք թող տեր աստված անսասան պահի մինչև հավիտյան։


ԳԼՈՒԽ ԻԷ
ՏԵՐ ԱՆԴՐԵԱՍ ՔԱՀԱՆԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այնպես էր լինում, որ պարսից մեծ և առաջին Շահ-Աբաս թագավորը ականջ էր կախում զրպարտիչ մարդկանց, որոնք չար բաներ էին խոսում Նախիջևան քաղաքի բնակիչների մասին: Շահը մեծ ցասումով լցվեց նրանց դեմ և հրամայեց քաղաքի բոլոր բնակիչներին հանել, արտաքսել, քշել տանել Ֆահրապատ քաղաքը, իսկ Նախիջևան քաղաքը ավերել, տներն ու բոլոր շինվածքները քանդել, այգիները կոտրատել։ Թագավորի հրամանը անարգել կատարվեց նրանց վերաբերյալ, որովհետև բոլոր բնակիչներին հանեցին, քշեցին Ֆահրապատ։ Իսկ Նախիջևանի բնակիչներից աննշանները, ստորին խավը փախչելով շրջակա գյուղերը, թաքնվեցին այստեղ-այնտեղ։ Սրանցից մեկն էլ տեր Անդրեասի ծնողներն էին, որոնք գնացել էին Ագուլիս գյուղը և այնտեղ տեղավորվել։

Մինչդեռ տեր Անդրեասը մանուկ էր, նրան ուսման տվին. սովորեց եկեղեցական ամբողջ ուսմունքը։ Երբ մեծացավ,