Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշտապես կարդալով պատմում էիր մեզ, համբերիր, ինչպես նրանք, որպեսզի նրանց պսակին արժանանաս»: Ծնողներր փղձկացող սրտով, հորդաբուխ արտասուքներով, աղերսելով այս և սրա նման խոսքեր էին ասում սրբին նրա մոտ կանգնած։ Իսկ դահիճները երկար ժամանակ ուշացնում էին այնտեղ, որ թերևս երկմտելով թուլանա, բայց սուրբը անդրդվելի կանգնել էր ճշմարիտ հավատի վրա և դեմքը խաչակնքելուց չէր դադարում։ Երբ դահիճները տեսան նրա հաստատուն մտադրությունը, որ չի դառնա [իր հավատից], այդ ժամանակ սուրը երկարելով պատռեցին նրա որովայնը, և փորից աղիքները դուրս թափվեցին։ Իսկ սուրբը մի ձեռքով աղիքներն էր հավաքում փորում, մյուս ձեռքով խաչակնքում էր երեսը և հիշում Քրիստոսի անունը։ Ապա [դահիճները] ոտքի սրունքների ջիլերը ծակեցին և պարանով բարձրացրին վեր և սրբին գլխիվայր կախեցին։ Նա մնաց կենդանի մինչև արևամուտ, երեկոյան մաքուր հոգին ավանդեց աստծու ձեռքը որպես անուշաբույր խունկ և ընդունելի մատաղ։

Սրբի մահից հետո շահը հրամայեց նրա մարմինը նետել շինությունից դուրս, որպեսզի կերակուր դառնա գազանների ու թռչունների։ Իսկ քրիստոնյաները այնտեղից վերցրին, բերին Ագուլիսի ներքին եկեղեցին, որ այժմ կոչվում է Խցաձորի եկեղեցի, և այնտեղ թաղեցին, այժմ էլ այնտեղ թաղված են նրա ոսկորների պատվական նշխարները բոլոր քրիստոնյաների բարեխոսության համար։

Աստծու սուրբ քահանա տեր Անդրեասի նահատակությունն ու մարտիրոսական մահը տեղի ունեցավ հայոց մեծ թվականության 1000 [1617] տրեՏրեն հայոց տոմարի 4-րդ ամիսն է, որ անշարժ տոմարով համապատասխանում է նոյեմբերի 9-ից դեկտեբերի 8-ը ամսի 10-ին, այսինքն՝ նոյեմբեր ամսի տասնութին։ Նրա հիշատակը թող օրհնությամբ լինի, իսկ աղոթքներով տերը մեզ ողորմի, ամեն։

Տեր Անդրեասի նահատակությունից հետո, երբ արդեն երեք կամ չորս ամիս անցել էր, խոսք ու զրույցի մեջ Շահ-Աբասի առջև վերստին հիշվեցին տեր Անդրեասի արարքի որպիսությունն ու իրողությունը։ Եվ այնտեղ նախկին