Իսկ քրիստոնյաները մոտեցան թագավորի նախարարներին և խոստացան մեծ դրամ, որ գուցե ազատեն նրան։ Թեպետ նախարարները երկիցս, երիցս խնդրեցին, արքան չլսեց։ Նաև ցղնացի խոջա Անձրևի կինը, որին շահը մայր էր ասել, և հարգանք ուներ շահի առջև, մեծ աղաչանքով ընկավ շահի ոտքը, խնդրեց ազատել նրան, սրան նույնպես չլսեց։
Դարձյալ տեր Անդրեասին բերին արքայի առջև. շատ անգամ արված հարցուփորձից, պարգևների խոստումով, տանջանքների սպառնալիքով, երբ թագավորը տեսավ չի համաձայնվում, հրամայեց սպանել։ Իսկ քաջ նահատակ և ճշմարիտ քահանա տեր Անդրեասը հաստատուն հավատով կանգնած էր, քրիստոնեության մեր հավատի անշարժ հիման վրա։
Իսկ զինվորները առան տեր Անդրեասին կապանքներով տարան ի կատար ածելու տեղը, և նա ուրախությամբ ու հոժար կամքով գնում էր։ Եվ երբ հասավ կատարման տեղը, ինքը արձակեց իր գոտին, հանեց հագուստները և դահիճներին ասաց, որ իր վրա կատարեն թագավորի հրամանը։ Բայց դահիճները ուշացնում էին, թե գուցե համաձայնի թագավորի առաջարկներին:
Եվ մինչ սուրբը կանգնած էր կատարման տեղում, թագավորը նրա մոտ ուղարկեց նախարարներից ոմանց կրկին անգամ, թե՝ «Մի կորցնիր քո գեղեցկությունն ու երիտասարդությունը, եկ, համաձայնվիր իմ խոսքերին և ինձնից պարգևներ ու մեծություն առ»։ Իսկ քաջ նահատակը նրանց բոլոր խոսքերին պատասխանում էր, թե՝ «Ձեր դատարկ խոստումները չեմ ընդունում և իմ ճշմարիտ հավատը չեմ ուրանում»։ Դահիճները հանել էին սրերը, խաղացնում էին նրա վրա, դնում էին որովայնին նրան վախեցնելու համար, բայց նա չէր երկնչում։
Նահատակության տեղը եկան սրբի ծնողները և կանգնած էին մոտը, աղիողորմ ու հորդաբուխ լալիս էին և աղաչանքով ասում սրբին. «Մեր քաղցրիկ որդյակ, որ ստանձնեցիր քահանայության կարգ և եղար Քրիստոսի զինվոր, երբեք չուրանաս Քրիստոսին և լինես Քրիստոսի ատողների զինվոր. չթողնես Քրիստոսի լուսապայծառ հավատքը և ժամանակավոր կյանքի համար զրկվես հավիտենական կյանքից, այլ հիշիր Քրիստոսի ճշմարիտ մարտիրոսներին, որոնց պատմությունը