Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր և ամբողջ երկիրը կախված էր նրանից։ Այնպես պատահեց, որ այս Գրիգորը այդ օրերին եկավ լեհերի երկիրը․ նախ մտավ Կամենից քաղաքը․ այնտեղ՝ Կամենիցում էր նաև Նիկոլ եպիսկոպոսը։ Նիկոլ եպիսկոպոսը և ուրիշներ կամեցան նորընծա աբեղա Օնոփրիոսին քառասունքից146 դուրս բերել։ Դրա համար եկան Գրիգոր վարդապետի մոտ, մեծարանքով հրավիրեցին գալ մյուս եկեղեցին, որտեղ նորընծան պատարագ էր մատուցելու։ Բայց նորընծան դեռևս քառասունքը լրիվ չէր պահել, քանի որ տասնհինգ օրվա օրհնված էր, սակայն կամենում էին դուրս բերել։ Այդ պատճառով վարդապետը ասաց. «Որովհետև քառասուն օրը դեռևս չի լրացել, քառասունքից չպետք է հանել, այլ պետք է քաոասունքը լրիվ պահել ըստ հայոց եկեղեցու ավանդության և ըստ մեր հայրապետների կանոնների, և միայն դրանից հետո նորընծան իրավունք ունի պատարագ մատուցել և քառասունքից դուրս գալ»։ Այս պատճառով նրանք այդ շաբաթ լռեցին և նորընծային դուրս չբերին։ Երբ մյուս կիրակին վրա հասավ, Նիկոլը և մյուսները կամեցան նորընծային դուրս բերել, ուստի շաբաթ օրը երկրորդ անգամ եկան վարդապետին հրավիրեցին, իսկ վարդապետը չգնաց, այլ ասաց. «Խոսքը մեկ կլինի, քանի դեռ քառասունքը չի լրացել, չպետք է պատարագ մատուցի, այլ սպասեցեք, մինչև քառասունքը լրանա, ապա պատարագ անի և քառասունքից դուրս գա, ինչպես որ հայ ազգի ավանդությունն է և մեր հայրապետների կողմից կանոնված»։ Իսկ նրանք չանսացին վարդապետի խոսքերին և չհամբերեցին, այլ գնացին այն կիրակի օրը նորընծային դուրս բերին, որ պատարագ մատուցեց։ Իսկ այդ կիրակին, երբ նորընծան պատարագ մատուցեց, դեռ նրա քսաներկուերորդ օրն էր, որ քառասունք էր պահում։

Այդ նույն կիրակի, երբ պատարագ էին մատուցում, Նիկոլ եպիսկոպոսը չափազանց հանդուգն և անպատշաճ գործ արեց: Այն եկեղեցին, որի մեջ գտնվում էր վարդապետը, եպիսկոպոսը դուռը փակեց, բանալին վերցրեց իր մոտ՝ չհիշելով տիրոջ հրամանը՝ «Եթե մատուցես քո պատարագը և այնտեղ հիշես, որ քո եղբայրը քեզնից խռով է, թող քո պատարագը սեղանի վրա և գնա նախ հաշտվիր քո եղբոր հետ,