նրանք, որոնք առաջվանից հակառակ էին Նիկոլին, բերան առած խոսում էին, նաև երեսին էին շպրտում, ոմանք էլ հակառակորդ էին դառնում և օրավուր զորեղանում էին Նիկոլի հակառակորդները։
Նաև Գրիգոր վարդապետը այս անցքերի ամբողջ որպիսությունը, այլև Նիկոլի անուղղելի բարքը նամակով իմացրեց Սուրբ Էջմիածնի Մովսես կաթողիկոսին և խնդրեց նրանից, որպեսզի նա ևս բարձր հրամանով Սուրբ Էջմիածնի և կաթողիկոսական իշխանությամբ բանադրի Նիկոլ եպիսկոպոսին։ Մովսես կաթողիկոսը նույնպես բանադրանքի թուղթ գրեց և ուղարկեց Նիկոլ եպիսկոպոսի վրա և այս պատճառով ավելի զորեղացան հակառակորդները Նիկոլի դեմ, նրան մարդատեղ չէին դնում:
Ապա ժողովրդից ոմանք Նիկոլին հարցրին, թե ինչու՞ չես գնում Գրիգոր վարդապետի մոտ և արձակում ստանում նրա կապանքներից։ Նա պատճառաբանեց, թե ճանապարհի ծախս չունեմ։ Իսկ ժողովուրդը հավաքեց երեք հազար ղուռուշ և տվեց նրան իբրև ճանապարհի ծախս։ Այսուհետև եպիսկոպոսը թե յուրայինների խորհրդով, թե իր բարեկամների դրդումով, կամ թե ժողովրդի հարկադրանքով Լվովից դուրս եկավ գնաց Կոստանդոպոլիս, Կեսարիայի կողմերը, որպեսզի թերևս որևէ տեղ գտնի Գրիգոր վարդապետին, մեղա ասի և նրա կապանքներից արձակում ստանա։ Եկավ, հասավ Բուրսա147 քաղաքը. այնպես պատահեց, որ այդ օրերին այնտեղ էր նաև խարբերդցի146 Արիստակես վարդապետը: Արդ՝ այս Արիստակես վարդապետը և այն կեսարացի Գրիգոր վարդապետը իրար հետ շատ սաստիկ ոխ ունեին, բայց թե ինչ էր նախանձի ու ոխակալության պատճառը, երկար որոնեցի, հավաստի կերպով չիմացա, ուստի և անհավաստին չգրեցի: Այս ոխակալության պատճառով Արիստակես վարդապետը երկար ու զանազան ձևերով խոսեց Նիկոլ եպիսկոպոսի հետ և նրան արգելեց գնալ Գրիգոր վարդապետի մոտ: Երբեմն ասում էր. «Դու եպիսկոպոս ես, իսկ նա վարդապետ, նա իշխանություն չունի քո վրա»։ Երբեմն էլ ասում էր. «Իզուր և նախանձից է բանադրել քեզ»։ Երբեմն ասում էր. «Ես էլ նրա նման վարդապետ եմ, ես կարձակեմ քեզ կապանքից»։ Ուրիշ բազմազան ձևերով խոսեց և չթողեց գնալ