Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կեսարիա149 Գրիգոր վարդապետի մոտ։ Այնուհետև Նիկոլը ինքը չգնաց, այլ աղերսագիր գրեց Գրիգոր վարդապետին, թե՝ «Մինչև Բուրսա եկա, այստեղ հիվանդացա և մահիճ եմ ընկած, ուստի չեմ կարող գալ․ խնդրում եմ, որ իմ վրայից վերցնես բանադրանքը, արձակես կապանքից և ինձ ու ժողովրդին օրհնության թուղթ ուղարկես, որպեսզի թերևս քո աղոթքներով ու օրհնությամբ այստեղից վերադառնամ և ողջ հասնեմ իմ տեղը»։ Իսկ վարդապետը ստանալով աղերսագիրը՝ անկեղծ սրտով հավատաց եպիսկոպոսի խոսքերին իբրև ճշմարիտ խոսքերի, արձակման և օրհնության թուղթ գրեց եպիսկոպոսին, նաև օրհնության գիր՝ Լվով քաղաքին և ուղարկեց Նիկոլին, որ Բուրսայում էր։ Նիկոլը այդ թղթերը առավ, գնաց, հասավ Լվով։ Լվովցիները, երբ տեսան Գրիգոր վարդապետի թղթերր, ուրախացան և միաբանվեցին եպիսկոպոսի հետ։ Իսկ Գրիգոր վարդապետը ճանապարհորդների և իմացող մարդկանց միջոցով վերահասու եղավ, թե Նիկոլ եպիսկոպոսը Բուրսայում եղած ժամանակ ոչ հիվանդացել և ոչ էլ տկարացել է, այլ Արիստակես վարդապետի հետ խորհրդակցելով կանգ է առել Բուրսայում և հնարքով ու խաբեական խոսքերով արձակման թուղթ է առել և գնացել իր տեղը։ Վարդապետի հանդեպ եպիսկոպոսի արած այս խաբեության համար վարդապետը խիստ վշտացել և նրա խաբեբայական գործերի վերաբերյալ գրավոր հայատնել է լվովցիներին և գրել է, թե այն նույն աոաջին նզովքը և բանադրանքը տակավին այդ եպիսկոպոսի վրա է։ Ուստի և լվովցիները հեռացան եպիսկոպոսից և նրան չէին ընդունում։ Չափազանց խիստ հակառակություն ընկավ եպիսկոպոսի ու ժողովրդի միջև։

Այսպես մնացին հակառակության մեջ, մինչև վրա հասավ մեր 1079 [1630] թվականը, երբ Մովսես կաթողիկոսը իր մեծ աշակերտ կեսարացի Խաչատուր վարդապետին Սուրբ Էջմիածնի նվիրակության համար առաքեց Արևմտյան աշխարհը Ասորիք ու Հոռոմստան։ Խաչատուր վարդապետը հեզ, խաղաղ և քաղցրաբարո մարդ էր, ոչ անմիտ ու անբան, այլ իմաստուն ու բանիրուն, որ լոկ միայն տեսքով պատահածներին առինքնում էր. այս պատճառով նրան նվիրակ նշանակեցին։ Խաչատուր վարդապետը անցավ բոլոր տեղերով,