Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնաց վարդապետի մոտ, նրան այնտեղից վերցրեց իր հետ, բերեց քաղաք։

Քանի վարդապետը քաղաքում էր, միշտ նրա մոտ էին գալիս աբեղաներ և ֆռանկներից ուրիշներ և վարդապետի հետ հակաճառում էին երկու և մեկ բնության150 մասին և իբրև եվտիքեական151 հերձվածով խոտորված և տգիտությամբ ու հիմարությամբ մոլորված էին համարում հայերին։ Իսկ վարդապետը խորհելով անցյալի ու ապագայի գործերի մասին և տեսնելով ներկայի գործերը՝ իմացավ, որ որևէ օգուտ չկա, այլ զուր աշխատանք է և ավելորդ չարչարանք, ուստի ելավ Լվովից, գնաց իր ճանապարհը, մինչև եկավ հասավ Էջմիածին Մովսես կաթողիկոսի և այլ վարդապետների մոտ, որոնք բոլորը ցավագին սրտով, արտասվաթոր աչքերով սգում էին Լվով քաղաքի հայ ժողովրդի մասին, թե ինչպե՞ս նրանք կփրկվեն։

Ինչպես տեր Քրիստոսն ասաց․ «Նախ հզորին թող կապի, ապա նրա տունը ավարի ենթարկի[1]: Այսպես արեց և Նիկոլ եպիսկոպոսը, որովհետև վարդապետի գնալուց հետո, ինչպես Դանիելի տեսիլքի գազանը[2], սկսեց ամբողջ ժողովրդին, գանձերը և եկեղեցու ամեն ինչը ուտել ու մանրել, իսկ մնացորդները ոտքի տակ տալ։ Քանզի ինչպես կռապաշտ թագավորների ժամանակներում քրիստոնյաները հալածանքներ էին կրում, այդպես էլ այս ժամանակ պատահեց Լվով քաղաքում բնակված հայերին, որովհետև մեծ զորությամբ զորեղացավ Նիկոլ եպիսկոպոսը և բռնացավ հայ ժողովրդի վրա։ Քահանաներին բռնում էր որևէ մեկի մոտ և եթե չնչին զանցանք էր գտնում, բանտ էր նետում և տուգանք էր առնում երեք-չորս հարյուր ղուռուշ. այսպես էլ իշխաններին, որոնք դատավորներ էին նշանակված, բռնում, տուգանում էր։ Ամբողջ հասարակ ժողովրդին վնասում էր․ փողի համար չէր թողնում մեռելներին թաղել և, երբ փողն առնում էր ըստ

  1. Մարկոսի ավետարանում ասված է. «Այլ ոչ ոք կարէ զկարասի հզօրի մտեալ ի տուն նորա աւար հարկանել, եթե ոչ նախ զհզօրն կապիցէ եւ զտղուն նորա աւար հարկանիցէ (Գ 27)։— Բայց ոչ ոք չի կարող տունը մտնել ու ավարի ենթարկել նրա կահկարասին, մինչև որ նախապես հզորին չկապի և հետո նրա տունը ավարի ենթարկի։
  2. Դան․ Դ․ 30