Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր ցանկության, ապա հրաման էր տալիս թաղման և գերեզմանի տեղ թաղելու համար։ Թաղելուց հետո, երբ կամենում էին գերեզմանի տապանաքար դնել, այդ պատճառով երկրորդ անգամ դրամ էր առնում, ապա հրաման էր տալիս քարը դնել։ Այս նույն պատճառով պսակները, մկրտությունները խափանվեցին․ տանում այլ քաղաքներ էին պսակում ու մկրտում, մեռածներին էլ այլ քաղաքներ էին տանում, թաղում։ Այս բաները ծածուկ էին անում առանց եպիսկոպոսի գիտության։ Ւսկ երբ իմանում էր, մեծ ցասումով զայրանում էր, բռնում էր քահանային և այդ բանը անող մարդկանց խոշտանգամներով տանջում և ծանր տուգանք էր առնում։

Այնպես պատահեց, որ կամենում էին ծածուկ, մի երիտասարդի պսակել առանց եպիսկոպոսի գիտության։ Սրա համար երեք քահանաներ բերին, որպեսզի պսակը տանը կատարեն։ Եպիսկոպոսին այս բանը ծանուցվեց, ուղարկեց զորականներ քահանաներին ու հարսանիքի տերերին բռնելու ու բանտ նետելու։ Հարսանիքի տերերը և քահանաները, իմանալով այս, երկյուղից սկսեցին թաքնվել. քահանաներից մեկին դրին սնդուկի մեջ, կողպեցին, իբրև թե կանացի իր ու զարդ է, իսկ քահանաներից երկուսը մտան թոնիր, որ շինել էին տան մեջ կրակ վառելու համար։ Զորականները քահանաներին որոնելիս գտան թոնրի մեջ. նրանց թոնրից հանեցին, ձեռքերը հետևներից կապեցին, գլխաբաց, բոկոտն, սևացած երեսներով ու մարմնով, քանի որ թոնրի մուրը սևացրել էր նրանց, տարան եպիսկոպոսի մոտ։ Բազում անարգանքներից ու սպառնալիքներից հետո քահանաներին ու հարսանքատերերին բանտ նետեց, չորս հարյուր ղուռուշ քահանաներից, չորս հարյուր ղուռուշ հարսանքատերերից առավ, ապա թողեց, որոնք գնացին հարսանիքը արեցին։

Բազմաթիվ երեխաներ մեռնում էին առանց մկրտության, շատ երեխաներ անկնունք դառնում էին 15—16 տարեկան։ Բազմաթիվ հիվանդներ մեռնում էին առանց հաղորդության, իսկ շատ մեռելներ անթաղ էին մնում տարիներ։ Մեռելներին դնում էին փայտյա դագաղի մեջ և դագաղը լցնում էին կուպրով մինչև որ մեռելին ծածկում էր, ապա դնում էին սառը տեղ ու պահում՝ սպասելով տիրոջ այցելության։