Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնիկ երկրից հեռացան՝ անջատված ընտանիքներից, ազգականներից, պանդուխտ ու տարագիր շրջագայելով օտար երկրում, և այդպիսի կյանքով հեծելով ու հոգոց հանելով վախճանվեցին։ Հայոց ժողովուրդը նաև ուրիշ շատ չարչարանքներ ու նեղություններ կրեց, որովհետև նրանց նկատմամբ հալածանքը մեծ էր, նրանք զրկվեցին իրենց եկեղեցուց, այնքան ունեցվածքից, նաև իրենց դրամները վատնեցին իշխանների ու թագավորների դռներում, այստեղ-այնտեղ ուղեգնացությամբ։ Երկու կողմերն էլ այնքան չարչարվեցին, այսինքն՝ Նիկոլն ու ժողովուրդը, որ լքվեցին բազմատեսակ հնարագործություններից ու երկարաժամկետ հակառակությունից, քանզի խռովության սկիզբը եղավ 1078 [1639] թվականին, երբ Նիկոլը եկեղեցին հափշտակեց, և այդպես մնացին մինչև հասան մեր 1102 [1653] թվականը։

Այդ ժամանակ Սուրբ աթոռ Էջմիածնի տեր Փիլիպոս կաթողիկոսը գնաց Երուսաղեմ և այնտեղից եկավ մեծահանդես Կոստանդնապոլիս քաղաքը։ Նրա գալստյան լուրը ամեն տեղ հռչակվեց, նաև հասավ Լվով քաղաքը։

Սույն ժամանակ խելոք ու խոհական Նիկոլ եպիսկոպոսը յուր մտքի տեսողությամբ նկատել էր, թե ժողովուրդը այսքան չարչարվեց, բայց ետ չկանգնեց իր բիրտ կամքից, այլ տակավին նույն կամքի վրա հաստատուն է մնում։ Այս պատճառով մտածեց գնալ Կոստանդնոպոլիս Փիլիպոս կաթողիկոսի մոտ, որ գուցե իրենից վերացնի բանադրվածի անունը, նաև նրանից ժողովրդին ուղղված օրհնության և իրեն ենթարկվելու թուղթ ստանա: Բայց միջոցներից զուրկ էր. ճանապարհի պաշար չուներ: Այս պատճառով մտածում էր հնար գտնել, որ և գտավ հետևյալ ձևով։

Թոքաթ քաղաքում հայազգի մի երևելի ու անվանի մարդ կար, որի անունն էր մահտեսի Մարկոս. սա Սիմոն անունով իր որդուն մեծ գումար տվեց և ուղարկեց լեհերի երկիրը վաճառականության։ Այս Սիմոնը եկավ, հասավ Լվով քաղաքը։ Մշտապես ուտում, խմում էր ու ապրում ուրախության մեջ։ Նա ծանոթ ու բարեկամ դարձավ Նիկոլ եպիսկոպոսի հետ։ Սա խոստացավ եպիսկոպոսին և ասաց. «Եթե կամենում ես գնալ կաթողիկոսի մոտ, հոգ մի անիր պաշարի մասին, քանզի որքան քեզ դրամ պետք գա ճանապարհի համար, բոլորը