շատ սերտ սեր ու բարեկամություն արեց այս Պողոսի հետ մեր ժողովրդի օգտի և Լվովի եկեղեցու փրկության համար: Իսկ այս Պողոսը իր գործը վերջացնելուց Հետո կամեցավ Հռոմ գնալ։ Գնալիս իր ճանապարհին եղավ Լվով քաղաքում, իսկ լվովցիները շատ աղաչանքներով խնդրեցին Պողոսից, մեծարանքներ ցույց տվին նրան, շատ դրամ տվին իբրև ճանապարհածախս, թե գուցե կարողանա պապի պալատում օգնության հնար գտնել նրանց համար։ Երբ Պողոսը Հռոմ հասավ և մինչդեռ նա բարեխոսության խոսքեր էր հայերի համար առաջարկել և խոսում էր պապի պալատում, շտապ նրա հետևից Հռոմ պապի պալատ գնաց նաև Նիկոլ եպիսկոպոսը ու խափանեց Պողոսի օգնությունը ճիզվիտների օգնությամբ։ Եվ այսպես բոլոր կողմերից խափանվեցին Լվով քաղաքի տառապած ժողովրդի փրկությունն ու օգնությունը, և Պողոսի հետ գնացածները տխուր ու դատարկ վերադարձան այնտեղից։
Իսկ Նիկոլ եպիսկոպոսը նույնպես վերադարձավ Հռոմից, եկավ Լվով քաղաքը, ապրում էր ըստ իր նախկին վարքի և ավելի անառակ։ Իսկ վերոհիշյալ գրքերը, սրբության անոթները, եկեղեցու բոլոր ավանդները մասամբ վաճառեց, մասամբ իբրև կաշառք բաշխեց, մի մասն էլ հրեաների միջոցով ջարդելով արեց արծաթ ու վաճառեց և այնքան անթիվ ու բազում ինչքներն ու գանձերը ցիրուցան անելով, բոլորը վատնեց այնպես, որ ոչինչ չմնաց, մնաց միայն լոկ դատարկ քարե եկեղեցին, որովհետև ապրում էր անառակ, զեխ ու շվայտ կյանքով հայտնի ու համարձակի ոչ ոքից չվախենալով։ Շատ գրքեր ու անոթներ նույնի վաճառքից վերադարձան Հայաստան, հասան մեզ, որոնք վաճառականները փողով առած բերին, որ տեսնողները սքանչանում էին։
Լվովի խեղճ ժողովուրդը շատ վնասներ ու չարչարանքներ կրեցին եկեղեցու յոթ խորհուրդները[1] խափանելու պատճառով։ Շատ երկյուղած ու հայրենի օրենքների համար նախանձախնդիր մարդիկ մեկնեցին տներից ու տեղերից և ելան
- ↑ Եկեղեցու յոթ խորհուրդներն են ապաշխարհություն, հաղորդություն, մկրտություն, դրոշմ, պսակ կամ ամուսնություն, կարգ կամ ձեռնադրություն, այցելություն հիվանդներին