Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորքերից զորականներ եկան ու կանգնեցին քաղաքադռանը, միայն հրացան եղած զենքն էին առնում օսմանցիներից և ուրիշ ոչինչ։ Բացի դրանից ամեն ինչ և իրենց զենքերը օսմանցիք առան գնացին։ Քաղաքի զորականներից բազմաթիվ մարդիկ եկան Զուլֆիղար խանի մոտ ու ասացին. «Սրանք, որ դուրս են գալիս գնում, բնիկ այս քաղաքից չեն, այդ պատճառով գնում են, ինչ վերաբերում է մեզ, մենք բնիկ այս քաղաքից ենք ու չենք կամենում այստեղից գնալ, մինչև այժմ տիրում ու իշխում էր խոնդկարը17, նրան էինք ծառայում, իսկ այժմ, որովհետև տիրեց և իշխեց Շահ–Աբասը, կամենում ենք այստեղ մնալ ու նրան ծառայել։ Այս խոսքերը խիստ դուր եկան խանին, սիրով ու գթասրտությամբ ընդունեց նրանց ու կարգադրեց, որ այդպես լինի․ ուստի զինվորները եկան, շուտափույթ հանեցին օսմանցիների տարազը, հարթեցին իրենք իրենց երկայն մորուքները հագան ղզլբաշի տարազը և եղան իբրև վաղուցվա ղզլբաշներ։ Խանը նաև կարգադրեց, որ մունետիկ դուրս գա և քաղաքի մեջ բարձրաձայն հայտարարի, թե այսուհետև տերությունը, իշխանությունը և աշխարհակալությունը պատկանում են շահին, ով որ սիրում է շահին, թող այստեղ մնա անհոգությամբ, իսկ ով որ կամենում է գնալ, թող խաղաղությամբ գնա իր ճանապարհը։ Եվ այս պատվիրանով մնացին քաղաքի մյուս մարդիկ, մինչև որ շահը ինքը եկավ Նախիջևան։

Եվ ինքը շահը մինչ Թավրիզում էր, շատ շտապ աճապարանքով կարգավորեց այդ կողմերի վիճակը։ Եվ իսկույն հրամայեց իր զորապետներին, որպեսզի ճանապարհ ընկնեն և գնան ուղիղ Նախիջևան քաղաքը։ Գալու ժամանակ, երբ հասան Ջուղա գյուղաքաղաքը, Ջուղայի բոլոր բնակիչները բազմաթիվ, զանազան և տեսակ-տեսակ հորինվածքով պատրաստություն տեսած ելան շահին ընդառաջ, ինչպես վայել է թագավորին։ Իշխանները, ծերերը, երիտասարդները զարդարանքներով, զենքերով, ոսկեհուռ սքանչելի հանդերձներով պճնազարդված ընդառաջ էին գնում։ Իսկ նորաբողբոջ դեռահաս մանուկները ոսկի բաժակով անուշահամ ու ազնիվ գինի էին մատուցում։ Քահանաները՝ վառված մոմերով, խունկերով ու կնդրուկներով, և աշխարհիկ երգիչները առջևից ընթանալով ներդաշնակ ձայնով նվագում էին։ Իսկ շահի

31