ընթացուղին զարդարել էին, գետեզրից մինչև խոջա Խաչիկի ապարանքը փռել էին գորգեր թագավորի ոտքերի տակ, թանկարժեք, մեծահարգի ու վայելուչ կերպասներ, որոնց վրայով թագավորը անցավ գնաց խոջա Խաչիկի տունը։ Իսկ այնտեղ տանը խոջա Խաչիկը ոսկե սկուտեղը ոսկով լցրած տված իր որդու ձեռքը մատուցեց թագավորին. նույնպես և Ջուղայի բոլոր մեծամեծերը ընծաներ մատուցեցին, ինչպես վայել է թագավորին։ Շահը այնտեղ մնաց երեք օր, իսկ ջուղայեցիները պատվեցին նրան համադամ կերակուրներով ու ծաղկահամ գինիով։
Իսկ անդնդային վիշապ Շահ-Աբասը, որ հենց որ սկզբից օձաբար էր տրամադրված ընդդեմ քրիստոնյաների, երբ տեսավ սրանց այդքան հարստությունն ու բարեվայելչությունը, սիրտը մաղձով լցվեց, և ներքուստ դառնում էր պիղծ, թե ինչպես պատճառ ու ժամանակ գտնի դավելու նրանց։ Բայց առժամանակ թույնը թաքցնելով՝ երեսանց սրտահաճ էր ցույց տալիս: Երեք օրից հետո Ջուղայից ելավ, գնաց Նախիջևան, մտնելով քաղաքը՝ տիրեց այն առանց պատերազմի, առանց որևէ ջանքի, այնտեղ մնաց քիչ օրեր և նշանակեց իշխանների ու պաշտոնյաներ նրա բոլոր սահմաններում։
Ինքը՝ շահը իր ամբողջ բանակի հետ առաջանալով՝ շարժվեց գնաց Երևան քաղաքի վրա։ Երբ Երևան հասավ, շուրջանակի պատեց, պաշարեց բերդը և ամենևին առանց որևէ չարիքի ու չարչարանքի նստեց նրա շուրջը, որովհետև շրջակա երկրամասը, որ շեն էր ու ամեն բարիքներով լի, գրավել էր և ենթարկել իր հրամանին, ուստի պարսից բանակի բոլոր կարիքները լրացված էին՝ թե մարդկանց, թե կենդանիների. և այսպիսի անհոգությամբ [բերդի շուրջը] նստած սպասում էր։ Երբեմն խստագույն կերպով էր ճակատամարտում, երբեմն շատ թույլ, երբեմն էլ խաղաղության, դաշինքի ու ուխտադրության խոսքեր սուտ երդումով և խաբեբայական առաջարկություններով բերդի ներսն էր ուղարկում, որպեսզի միայն բերդը իրեն տան, իսկ իրենք առնեն իրենց ունեցվածքը խաղաղությամբ գնան իրենց երկիրը։ Բայց օսմանցի զորքերը ականջ չէին դնում շահի խոսքերին, այլ տակավին համբերում էին հույսով, գուցե թե որևէ տեղից մի փրկություն հասնի նրանց։