Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց այս փիլիսոփայական գրքերը հիշատակում եմ այն պատճառով և շնորհակալ եմ նրանից, որովհետև այսպիսի օտար, այլատեսակ, այլանուն ու անծանոթ խոսք առանց վարժեցնողի և առանց որևէ մեկի ուսուցման, ինքնուրույն ամենը գտավ սկզբից մինչև վերջ:

Մարմնական հասակի համեմատությամբ առավել կատարյալ էր իմաստության և հոգու հասակը։ Ներսես վարդապետը իր կամքով և անապատի բոլոր միաբանների վկայությամբ առաջ կանչեց նրան (Մելքիսեթին) բարձրագույն տեղի ու պատվի ըստ տիրոջ հրամանի, թե՝ «Բարեկամ, բարձրացիր»[1] և շնորհեց նրան վարդապետության գավազան, որ հարաժամ քարոզությամբ աղբյուրաբար իմաստության ջրով մխիթարեր զովացնող լսողներին։

Այն ժամանակի օրերում Մովսես վարդապետը, որ եղավ Էջմիածնի կաթողիկոս, դեռ նոր էր սկսել Սուրբ աթոռ Էջմիածնի նորոգությունը և պարսպի շինությունը։ Եվ Սուրբ աթոռ Էջմիածնի նորոգության և Մովսես վարդապետի կաթողիկոսության լուրը տարածվել էր ամբողջ աշխարհում, առ այս ամենքը տենչում էին գալ նրանց տեսության։ Սրա համար Մելքիսեթ վարդապետը Լիմ անապատից ելավ, ելավ բարձրագահ աթոռ Սուրբ Էջմիածին, երկրպագեց քրիստոսակոխ սուրբ տեղին, տաճարին և հանդիպեց Մովսես կաթողիկոսին և սրա աշակերտներին, որի գալով ամենքը անպատմելիորեն ուրախացան։

Երբ Մելքիսեթ վարդապետը դաս ու քարոզ էր տալիս, խոսքը նրա բերանից դուրս էր գալիս իբրև ուղխի ու հեղեղի հորձանք, որի իմաստության վրա ամենքը ապուշ կտրած զարմանում ու բաղձում էին։

Այդ օրերին Մովսես կաթողիկոսը իր մեծ աշակերտ Կեսարացի Խաչատուր վարդապետին ինչ-որ միաբանների հետ ուղարկեց Լեհաստան Սուրբ Էջմիածնի նվիրակության համար։ Եվ որովհետև Խաչատուր վարդապետի հետ գնացած

  1. Դավրիժեցին նկատի ունի Ղուկասու Ավետարանից հետևյալը. Այլ յորժամ կոչեցիս, երթիջիր բազմիջիր ի յետին տեղւոջ. զի յորժամ զայցէ, որ կոչեացն զքեզ, ասիցէ քեզ, բարեկամ, ի վեր մատիր։ (Ղուկ. ԺԴ 10)։ — Երբ կանչվես, գնա, բազմիր վերջին տեղում, որ երբ քեզ կանչողը գա, ասի քեզ, բարեկամ, վեր գնա։