Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսուհետև փոխանակ տրտմության, մխիթարություն ունեմ, որովհետև թեպետ ես կմեռնեմ, բայց ձեզ մեջ սերմանված տիրոջ խոսքը կմնա աշխարհում, և այն, ինչ ես տասնհինգ տարի և էլ ավելի մեծ տաժանքով հազիվ կարողացա գտնել, արդ՝ հեշտ ու դյուրին ութ ամսվա ընթացքում ձեզ հանձնեցի։ Բայց ձեզնից խնդրում եմ, տիրոջով սիրված իմ եղբայրներ, ինչպես մեզ պատվիրեցին մեր նախնի վարդապետները՝ կտակ անելով և մեզ վրա պարտավորություն դնելով, նրանց նման ես էլ այսօր ձեզ պատվիրում և նույն պարտականությունն եմ դնում ձեզ վրա, որպեսզի չթուլանաք և հանգիստ չտաք աչքերին և նինջ արտևանունքներին, այլ բռնելով այս իմասության շավիղը ձեր կյանքի օրերում անդուլ ու անդադար աշխատեցեք սրա վրա մինչև ձեր վախճանի օրը։ Իսկ ես հույս ունեմ սուրբ հողի աստծու՝ աննախանձ պարգևատուի վրա, որ բազմապատիկ ավելացնելով կարդյունավորի ձեզ շնորհներով մեզնից ավելի, և ինչ էլ որ պարգևի ձեզ, աննախանձաբար սովորեցրեք այլ խնդրողների, ով էլ որ նա լինի»։

Սրանից հետո Մելքիսեթ վարդապետը ընկավ հիվանդության մահիճ, քանզի առաջին ծանրատար ճգնությունների համար, որ Լիմ անապատում դիմագրավելով համբերել էր ձմեռային ցրտին ու սառնամանիքին, սառը քամին արմատավորվել էր նրա մարմնում, որի պատճառով շուտ-շուտ հիվանդանում էր։ Դրա համար եղբայրները համոզեցին Մելքիսեթ վարդապետին և նրա վրա բժիշկ բերին, որ գուցե բժշկական դեղերով նրանից դուրս բերի ցուրտը։ Իսկ բժիշկը անհմուտ լինելով շատ ջերմ դեղ ներարկեց նրա մարմինը, որի պատճառով չորացան, ցամաքեցին նրա փորոտիքի ներսի բոլոր մասերը, քանզի դեղի շատ ուժեղ ջերմությունը այրեց նրա անդամների ներքին մասերը՝ սիրտը, լյարդը, թոքերը և այլ մասեր, որի հետևանքով հյուծվելով մաշվեցին անդամների բոլոր մասերը։ Այդ հիվանդությամբ վճարեց այս կյանքը և գնաց վերին իմաստաթյան՝ տեր Քրիստոսի մոտ։

Բազմաշխատ Մելքիսեթ վարդապետի մահը եղավ Երևան քաղաքում, սուրբ առաքյալ Անանիայի դամբարանի վանքում։ Նրան տարան ընդհանուր գերեզմանատուն՝ այն բլուրը,