Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կոչում են Կոզեռ, որովհետև Կոզեռ170 վարդապետի գերեզմանի պատճառով, որ այնտեղ է, այդպես են կոչում բլուրը։ Այնտեղ Կոզեռ վարդապետի գերեզմանին մոտիկ պատրաստեցին գերեզմանը և այնտեղ դրին հանգիստ նրա մարմնի պատվական, սրբասուն նշխարները և տապանաքարի վրա գրեցին անունը։ Սրա վախճանը տեղի ունեցավ մեր թվականության 1006 [1557]-ին։ Այս գլխի սկզբում, որ վարդապետների կարգում հիշեցինք գավառացի Բարսեղ վարդապետին և սրա աշակերտ մոկացի Բեղլու Ներսեսին և սրա աշակերտ երևանցի Մելիքսեթին Վժան գյուղից, այս այն Մելիքսեթն է, որի պատմությունը արեցինք․ սրա հիշատակը օրհնությամբ լինի և նրա աղոթքներով տերը մեզ թողություն տա, ամեն։

Իսկ այն եղբայրները, որոնք միաբանվեցին և Մելքիսեթ վարդապետի փիլիսոփայական գրքերի դաս առան, թեպետ ամեն ոք ջանաց ու աշխատեց և կարդաց ըստ կարողության, բայց նրանցից Սիմոն անունով մի աբեղա՝ նորահաս երիտասարդ, որ տոհմով ջուղայեցի էր, որոնք այժմ բնակվում են Սպահան քաղաքում։ Այս Սիմոնը չափազանց շատ ավելացրեց, որովետև այն որ կանխավ պատմեցինք, թե Մովսես կաթողիկոսի աշակերտները գնալով Լվով քաղաքը ֆռանկների հետ հակաճառության հանդիպեցին, սրանց հետ էր այս տեր Սիմոնը, ուստի այժմ դաս առնելու ժամանակ չափազանց հոժարությամբ, ջերմերանգ սրտով, ծարավատոչոր կարոտով էր առնում դասը և հարաժամ կարդում էր։ Երբ դասառությունը վերջացավ, տեր Սիմոնը ելավ Էջմիածնից, գնաց Սպահան քաղաքը, քանզի այս տեր Սիմոնի ուսուցիչը կեսարացի Խաչատուր վարդապետն էր, որ շատ Հարանց վարքեր ու ժամագրքեր տպագրեց։ Այս Խաչատուր վարդապետը Մովսես կաթողիկոսի կողմից առաջնորդ նշանակվեց Սպահան քաղաքի ջուղայեցի ժողովրդի համար։ Դասառությունը ավարտվելուց հետո [Խաչատուր վարդապետը] տեր Սիմոնին առավ, գնաց Սպահան քաղաքի իր վանքը, որ շինված էր ջուղայեցիների մեջ։ Խաչատուր վարդապետը իր բոլոր աշակերտներին մարմնական գործերում [կենսական պայմաններով] ապահով էր պահում, ուստի աշակերտները մշտապես զբաղվում էին կարդալով ու ընթերցումով։