Էջ:Arakel of Tabriz, History.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Տեր Խաչատուրը] առավել գթում ու խնամում էր տեր Սիմոնին, որի խնամակալության ներքո տեր Սիմոնը ավելի կատարելագործվեց ուսման մեջ, որովհետև դաս առած փիլիսոփայական գրքերը մեջտեղ բերեց և սկսեց կարգով կարդալ և գիշեր-ցերեկ անդուլ ու անդադար տքնությամբ մտախոհության մեջ էր՝ աչքերին հանգիստ ու արտևանունքներին նինջ չտալով։ Այլև ինքը տեր Սիմոնը ի բնե ուներ սուր ու հղացող միտք։ Այս փիլիսոփայական գրքերի կարդալը նա սկսեց երիտասարդական հասակում, երբ ստանում, պահում, բազմացնում էր, երբ ջանքը, աշխատասիրությունը և վաստակը անչափ էին, որ ուներ ընթերցելիս, քանզի բերանը ընթերցումից, միտքը խորհելուց ամենևին պարապ չէին մնում՝ տանը, ժամատանը, դրսում, ուր էլ լիներ։

Երեք տարի մեծ ջանքով ու ցանկությամբ իրեն կաշկանդել էր ընթերցումով, խոհով, այլև մեծ պաղատանքով և արտասուքներով խնդրում էր հեշտալուր տիրոջից, որպեսզի իրեն արժան համարի այնպիսի չքնաղ ու պանծալի և գերազանց իմաստություն, որովհետև որպես մոլի ինչ որ այդ իմաստությանը բևեռել էր իր սեռական տարփանքը։[1]

Բազմաժամանակյա և մշտաջան աշխատանքից սրա մտքում ավելացավ տեսական իմաստությունը աստծու սուրբ հոգու շնորհներով, որ մշտապես զարդարում է Քրիստոսի եկեղեցիները ըստ իր բազմազան շնորհների, ինչպես որ ուսուցանում է նրա առաքյալ սուրբ Պողոսը, թե հոգու կողմից մեկին տրված է իմաստության խոսք, մյուսին գիտության խոսք[2] և այլն։ Արդ՝ նույն սուրբ հոգին սրան պարգևեց վճիտ, գերպանծալի և շնորհալի խոսք քարոզության, հակաճառության, Աստվածաշունչ գրքերի կամ փիլիսոփայական գրքերի մեկնության համար. բնագիտության, և փիլիսոփայական գիտության մեջ անհամեմատ գերազանց եղավ, քան այս ժամանակի բոլոր վարդապետները, որոնք բոլորը խոնարհվում էին նրան և ուսանում նրանից՝ դաս առնելով կամ այլ կերպով:

  1. Այս նախադասության մեջ մի բառ կա՝ իբն, որ չգիտենք իմն է, թե ի բնէ, մենք թարգմանեցինք իբրև իմն:
  2. Ա. Կորնթ. ԺԲ 8: