քրիստոնեական ազգի (հայերի) համար, որ սփռված է աշխարհի բոլոր ոլորտներում, և ողջ աշխարհը այնպես արեց, որ լինեն մի հոտ և մի հովիվ ըստ տիրոջ խոսքի[1], և հովվում էր բոլորին Նիկիական201 սուրբ դավանության ուղղափառ հավատքով։
Այդ ժամանակ պատահեց, որ թագավորը (Ջհանշահ) բարկացավ Բաղեշի ամիրայի վրա և ցասումով ուղարկեց չորս զորապետ տասներկու հազար հեծելազորով Խլաթ քաղաքի վրա։ Նրանք գնացին, ավարելով քանդեցին Խլաթը և, շատ ավար միատեղ հավաքելով, նստեցին բերդի շուրջը և նեղում էին այն գրավելու համար. և պատրաստվում էին նույնը անել Բաղեշում, Մուշում, Խութում, Սասունում և սրանց բոլոր գավառներում։
Նորընծա կաթողիկոս տեր Զաքարիան տեսավ այն երկրին ապառնացող այս վտանգը՝ գերեվարվելը, անօրենների ձեռքը մատնվելը, ավերվելն ու քանդվելը, եկեղեցիների խախտումն ու սուրբ սեղանների տապալումը, սրբությունների գերի տարվելը, աստծու փառաբանության խափանումը, ամբողջ ռամիկ ժողովրդի տարագրվելը, գերվելն ու այստեղ-այնտեղ քշվելը։ Մեծ հայրապետ տեր Զաքարիան այս ամենը մտածելով և հիշելով տերունական այն խոսքը, որ ասում է, թե՝ «Ես եմ քաջի հովիվը, քաջ հովիվը իր անձը դնում է ոչխարների համար[2]» և այս խոսքը վերածելով գործի, իր անձը դրեց Քրիստոսի բանավոր հոտի՝ Բաղեշի ողջ ժողովրդի համար, և զորացած սուրբ հոգով, իր սիրտը դարձրած իբրև կարծր վեմ՝ մտավ թագավորի առջև, իր անձը դրեց իբրև փրկանք բազմության համար, դարձավ երաշխավոր, թե ինքը Բաղեշի ամիրայից հարկը կառնի և կտա կայսրին երկիրը խաղաղության մեջ մնալու նպատակով, և կաթոլիկ թագավորի ու նրա որդիների կյանքի համար։ Այս բանին համաձայնվելով, արքան ու թագուհին նրան թուղթ ու հրաման տվին՝ ինչ կամենա, անի։ Նա դուրս եկավ նրանց մոտից հապճեպ ձիընթաց արշավով գնաց հասավ Բաղեշ քաղաքը: