Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազար մարզից ավելի կար մեծ հայրապետից առաջ և ետ․ խաչվառը իր գլխին ունենալով լույսի նման փայլող ոսկի խաչ՝ առջևից էր տարվում։ Այսպիսի շքեղ փառքով մտավ Ոստան քաղաքը։ Երբ Ոստան քաղաքի այլազգ բնակիչները տեսան այս ուրախությունը, խոր խոցվեցին այս պայծառությունից և հայրապետի համարձակությունից, որ Տուրուբերան208 գավառից մինչև Ոստան քաղաքը խաչվառով, եպիսկոպոսներով և ժողովրդով էր եկել, ուստի միասին հավաքվեցին քաղաքի իշխանի մոտ, որ ազգով քուրդ, ժանտ անագորույն ու ամբողջովին քրիստոնյաների թշնամին էր։ Նրանք չար խորհուրդ մտածեցին, որպեսզի գաղտնագողի նենգեն հովվապետին։ Նրանց չարությունը քաջ քահանայապետը իմանալով, առավոտյան լուսանալու մոտ առավ սուրբ աջը ու գնաց ծովեզրը, որտեղ նավահանգիստն էր։ Այս բանը իմանալով նրա հետ եկածները՝ ոմանք Վանից, ոմանք այլ գավառներից, ելան, նրա հետ եկան աստվածապահ կղզու՝ Աղթամարի Մանաճիհրի209 մեծ բերդի դիմաց, որ քարապատ էր։ Այնտեղ կանգնելով շնորհաբաշխ սուրբ աջով օրհնեց բոլորին, համբուրեց բոլորին և արձակեց նրանց խաղաղությամբ ու օրհնությամբ, որ գնան իրենց տները։ Ինքը սուրբ աջը առավ, մտավ նավ և գնաց Աստվածաբնակ Աղթամար կղզին՝ իր հայրենի ժառանգությունը։ Երբ դուրս եկան ցամաք, նրան ծովեզրում ընդառաջ ելան տեղի բոլոր բնակիչները՝ խունկերով, մոմերով, քահանաներով, քաղցրաձայն երգերով և առան սուրբ աջը տարան, դրին Աղթամարի գեղակառույց Սուրբ խաչում, և երկրպագում էին սուրբ աջին ու հայրապետին և օրհնություն ու փառաբանություն էին վերառաքում հրաշագործող աստծուն, որ ամենքին արժանի արեց Լուսավորչի շնորհաբաշխ սուրբ աջի տեսությանը։ Սուրբ աջը մտավ Աղթամար ամուր կղզին և հանգիստ գտավ գմբեթահարկում՝ իր բնիկ տեղում։ Մեր թվարկության 1020 (1571) տարվա սկզբում, որ նավասարդ ամսի 16-ն էր, Սուրբ Հակոբի պասի ուրբաթ օրը (աջը) մտավ Սուրբ խաչ Աղթամար՝ ի պահպանություն մեզ՝ բոլոր հավատացյալներից, որոնց ոչ քիչ ուրախություն եղավ։ Եվ գավառների բոլոր