նաև կաթողիկոսները ու ընդհանուր ժողովը որոշեցին, որ Վրթանես եպիսկոպոսը լինի կաթողիկոսների աթոռակալ [աթոռը մեռածից կենդանուն փոխանցող կամ տեղապահ], ով էլ որ լինի կաթողիկոս սուրբ աթոռին, որքան որ Վրթանես եպիսկոպոսը կենդանի լինի։ Եվ սա աթոռակալություն արեց մինչև իր ծերության ժամանակը, ապա մարմնական տկարության պատճառով գնաց Օծոպի վանքը ազգականներին մոտիկ իր ծերությունը խնամելու համար. այնտեղ էլ վախճանվեց և թաղվեց 942 [1493] թվականին, ինչպես որ գրված է նրա տապանին։
Իսկ Էջմիածնի կաթողիկոսները իբրև հայրապատվեր կտակ ավանդություն ունեին իրենց մեջ, որ ամեն տարի միանգամ գնային Օծոպի վանքը, պատարագ մատուցեին, պաշտման դրամ բաժանեին վանականներին և աղքատներին կերակրեին Վրթանես եպիսկոպոսի հոգու համար։ Մինչև Դավիթ ու Մելքիսեթ կաթողիկոսների ժամանակ այս ավանդությունը կատարվում էր, կաթողիկոսները գնում և անում էին։ Իսկ վերևում գրված այս պատմությունը, որ վերաբերում է սուրբ աջի գալստյան, երբ Աղթամարից վերադարձավ և եկավ Սուրբ Էջմիածին, ոչ թե հարևանցի խոսք ու զրույց է, այլ հաստատուն և հայրատուր ավանդությամբ պատմվում է բոլոր գավառներում, որոնք գտնվում են Նախիջևան քաղաքի շուրջը, մանավանդ Շահբունուց ձորի գավառում և այն վանքերում, որոնք նրան մոտիկ են, որովհետև բոլոր եկեղեցականներն ու աշխարհականները միաբան պատմում են այս պատմությունը, թե Վրթանես եպիսկոպոսի ձեռքով Լուսավորչի աջը Էջմիածին եկավ։ Դրան կից մենք հավաստին առնելով այստեղ գրեցինք: Սուրբ Լուսավորչի աջը այնտեղ Սուրբ Էջմիածնում էր մինչև առաջին Շահ-Աբասի ժամանակը, որ տեսավ Սպահան քաղաքը և Շահսեֆի թագավորի ժամանակ Փիլիպոս կաթողիկոսը գնալով Սպահան քաղաքը Շահսեֆի թագավորից խնդրեց, դարձյալ առավ, բերեց Սուրբ Էջմիածին իր աթոռը, որպես որ դրված է Փիլիպոս կաթողիկոսի պատմության մեջ [այստեղ]: Եվ նույն սուրբ աջը այստեղ Սուրբ Էջմիածնում է գտնվում մինչև այսօր և ըստ արժանվույն պատիվ է վայելում բազում փառավոր