Արդ` եթե դուք բռնեք մեկին, որ հետը գինի ունի, և հարցնեք, թե որտե՞ղից ես բերում և ու՞ր ես տանում, նա կպատասխանի այսպես՝ այսինչ հայի տանից և այնինչ հայի տուն եմ տանում, այդ ժամանակ ձեր հրամանը, այսինքն՝ գինու արգելքը վերանում է։ Նաև ամեն մահմեդական մարդ, որը ցանկանում է գինի խմել, մտնում է նրանց տուն և գինի խմում, նաև նրանից բարձր գնով գնում, տանում է ուրիշ տեղ և խմում։ Եվ այս բոլորի պատճառը ազգերի խառնիխուռն բնակվելն է։ Արդ՝ եթե իրոք թագավորը կամենում է, որ գինեմոլությունը վերանա այս քաղաքից, պետք է այդ ազգերը միմյանցից բաժանի. մահմեդականները ուրիշ ազգերից անխառն բնակեցնի այստեղ քաղաքամիջում, իսկ մյուս ազգերին՝ հայերին ու հրեաներին, հանի քաղաքից, տանի քաղաքի եզրը, պատշաճավոր տեղերում բնակեցնի և յուրաքանչյուր ազգի համար ըստ նրա արժանավորության կարգ ու սահման դնի։ Ապա այն ժամանակ ինչ էլ հրամայեն թագավորն ու իր իշխանները, ամենը անխափան կկատարվի»։
Այս խոսքը, որ խոսեց գրադարանավար իշխանը, հանդիսականներին ու Նաջաֆղուլի բեկին հաճելի թվաց, ուստի նա ամփոփելով հավաքեց իր մտքի պահարանում և խորհում էր, թե պատշաճ ժամին կհայտնեմ եպարքոսին։ Սակայն ինքը մեծ հոգածությամբ ջանք էր թափում կատարել թագավորի հրամանը և արգելել գինին։
Այն հանդեսին գրադարանավար իշխանի հայտնած խոսքի մասին ոմանք ասացին, թե նա իր մտածածը չի ասել, այլ վերցրել է ուրիշի առաջարկությունից, որ հետևյալն է։
Ինչպես որ թագավորների սովորությունն է իրենց տանը ներքինիներ ունենալ սպասավորելու իրենց և իրենց կանանց։ Այս կարգը այս երկրորդ Շահ-Աբաս թագավորը չափազանց շատ ընդարձակեց, քանզի բազմաթիվ կանայք հավաքեց ամեն ազգերից, ըստ այսմ էլ շատ ներքինիներ ունեցավ։ Ներքինիների բազմությունից ոմանց ծերության, ոմանց տհաճության համար, ոմանց էլ ուրիշ պատճառով թագավորի տնից հանեցին, հեռացրին, որպեսզի գնան այլ տեղ, առանձին ապրեն։
Այս ներքինիները, որոնք թագավորի տանից հանվում էին, գալիս բնակվում էին քաղաքամեջ` Շամշապատ անվանված թաղում հետևյալ պատճառներով։ Նախ՝ այս թաղը մոտ