Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չառչին է, հանեց բոլոր հրապարակները, որոնք ելան բարձրաղաղակ հայտնեցին, թե թագավորի հրամանով գինին արգելված է և ում մոտ գտնվի, թագավորի թշնամին է և մահապարտ, ուստի այդպիսին պիտի սպանվի։ Նաև ինքը Նաջաֆղուլի բեկը պատրաստեց բազմաթիվ մարդիկ, որոնց պատվիրեց և անհրաժեշտ գործերը նրանց ցույց տալով՝ ուղարկեց քաղաքի բոլոր տեղերը և այն տեղերը, որտեղ կարծում էին, թե գինի կլինի, որպեսզի այդ մարդիկ այնտեղ ակնդետ կանգնած, գիշեր–ցերեկ դիտեն ամբողջ երթևեկը։ Այսպես անելով շատ հարբած մարդկանց տուգանեց, քթերն ու ականջները կտրեց, ձեռքերն ու ոտքերը հատեց, սակայն դրանով չկարողացավ գինին արգելել։ Բազում ու զանազան հնարագործությունների համար մտածմունքների մեջ ընկավ․ նաև սրան-նրան էր հարցնում, թե ինչպես պետք է լինի գորձի ավարտը։

Այստեղ թագավորի ծառայողներից երևելի մարդիկ, որոնք նախապես ծանոթ էին այս Նաջաֆղուլի բեկին, մի օր նրան հրավիրեցին իրենց տուն պատիվ տալու սիրալիրության համար։ Նաև այդ խրախճանքի մեջ կային բազմաթիվ նշանավոր մարդիկ։ Դրանց հետ էր նաև մի իշխան, որ թագավորի գրքերի գրադանավարն էր, որովհետև թագավորի բոլոր գրքերը նրան էին հանձնված, որպեսզի պահի, և ում որ պետք գա, տա և առնի։ Այդ հանդեսի մեջ տեղի ունեցող շատ խոսակցություններին եկավ խառնվեց նաև գինուն վերաբերող զրույցը, որի մասին Նաջաֆղուլի բեկը հարցականով խոսք առաջարկեց, թե՝ «Զարմանում եմ, թե ինչու՞ չի հաստատվում գինու արգելքը, որ այսքան հրամայում է թագավորը, իսկ մենք այսքան չարչարանքներ ու պատիժներ ենք տալիս, բայց տակավին չենք կարողանում գինին վերացնել»։ Նստած մարդկանցից ամեն մեկը ըստ իր կարծիքի էր խոսում և պատասխան տալիս։

Ւսկ գրադարանավար իշխանը Նաջաֆղուլի բեկին պատասխանեց, թև՝ «Իզուր է ձեր չարչարանքը, գինու արգելքը չի հաստատվի, որովհետև շատ պատճառներ կան, մանավանդ այն, որ բոլոր ազգերը միասին խառնիխուռն բնակված են, մահմեդականները գինի չեն խմում, նաև այն ազգերը, որ գինի են խմում, այսինքն՝ ֆռանկները, հայերը, հրեաները։