Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են գինու կարասը լվանալ, բերում, դնում են առվի մեջ մեկ-երկու օր թրջոց և ապա լվանում են, և լվացաջուրը դարձյալ թափվում է առուն՝ ջրի մեջ, որով ջուրը պղծվում է:

Արդ՝ այսպիսի ամբաստանական խոսքեր և այն խոսքը, որ գրադարանավար իշխանն ասաց Նաջաֆղուլի բեկին և այլ շատ խոսքեր, որն անտեղի և որը իրավացի, այստեղ Շամշապատ թաղը եկող և այդտեղ բնակվող ներքինիները ասել էին գրադարանավար իշխանին, որ այդ ժամին գրադարանավարն ասաց Նաջաֆղուլի բեկին։

Երբ շահը և եպարքոսը Ղազբինից դարձան եկան Սպահան հարցում արին գինու արգելման մասին՝ կատարվե՞ց, թե ոչ։ Այդ ժամանակ Նաջաֆղուլի բեկը վշտագին սրտով ասաց, թե՝ «Որքան ուժ ունեինք, ջանացինք, բայց գինեըմպության խափանում չեղավ.»։ Եպարքոսը շատ մտահոգության ու վարանքի մեջ ընկավ գինու արգելման պատճառով, քանզի ըստ իրենց անօրեն և ըստ իրենց առասպելախոս գրքերի գինին անմաքուր է համարվում և նույնը խմելը իրենց համար մեղք։

Իսկ Նաջաֆղուլի բեկը հարմար ժամի գրադանավար իշխանի խոսքը խոսեց եպարքոսի առջև, որը հաճելի թվաց նրան և այլ հանդիսականների։ Իսկ եպարքոսը պատշաճ ժամի գրադարանավար իշխանի խոսքը խոսեց թագավորի առջև։ Ոչ միայն մի օր, այլև ամեն հարմար ժամի եպարքոսը և այլ նախարարներ, որոնք շահի առջև խոսողներն էին, մշտապես այդ կերպ էին խոսում թագավորի առջև, որովհետև եպարքոսը և այլ նախարարներ մեծ հոգս ունեին քրիստոնյաներին քաղաքամիջից հանելու։ Այնքան խոսեցին, մինչև համաձայնեցրին թագավորին, որ գրավոր հրաման տվեց, թե՝ «Ովքեր գինարբու ազգեր են, թող ելնեն բաժանվեն մահմեդականներից և գնան քաղաքի ծայրամասերը, առանձին բնակվեն»։

Այս հրամանը թագավորից ընդունելուց հետո եպարքոսը կանչեց դաշտեցիներին իր մոտ, հայտնեց նրանց թագավորի հրամանը և կարգադրեց նրանց ելնել քաղաքամիջից և գնալ քաղաքի ծայրամասը։ Նրանց համար ծանր էր դուրս գալ իրենց բնակություններից, ուստի գնացին մեծամեծների դռները, շատ աղաչեցին, որ գուցե մնան իրենց տեղերում, բայց ոչ ոք չլսեց նրանց խոսքը, որովհետև իշխանները