Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահմեդականներ էին, իսկ ամենքի ցանկությունն ու դիտավորությունը մեկ էր՝ նրանց դուրս հանել քաղաքամիջից։ Արդ՝ այս կերպով, թե թագավորի հրամանից, թե իշխանների բռնությունից, թե իրենց մերձակա մահմեդականների ճնշումից մնացին անօգնական դաշտեցի հայերը, ելան իրենց տներից ու բնակատեղերից ոմանք Ջուղա գնացին, ոմանք՝ Գավռապատ, տուն վարձեցին և այնտեղ հովանավորվեցին իրենց ինչքերով ու ընտանիքներով։

Երբ մահմեդականները դաշտեցի ժողովրդին հեռացրին, սկսեցին այնուհետև հայոց մյուս ժողովրդին հանել քաղաքից։ Սրանք հայոց ազգից հավաքածու ժողովուրդ էին, որոնք յուրաքանչյուրը իր երկրից վտարանդի էին եղել և եկել Ատրպատական երկրում բնակվել. սրանցից ոմանք Ամիդից էին, ոմանք Գազիկից, Բաղեշից, Մուշից, Բերկրիից, Արճեշից, Արծկեից, Երզնկայից, Դերջանից, Բաբերդից, Կարինից, Բասենից, Կաղզվանից, Շիրակավանից, Արարատյան առանձին բոլոր գավառներից, Ալաշկերտից, Մակվից, Խոյից, Սալմաստից, Ուրմիայից և նաև ամեն երկրներից, որոնց համար Շահ-Աբասը առաջինը հրամայեց ամենքին ժողովել և քշել Պարսկաստան, որոնց և բերին Սպահան քաղաքը և քաղաքի մեջ բնակեցրին այն թաղերում, որոնց անունները ասում են Թորոսական և Շխշաբանա։ Սրանց նման նույն մեծ Շահ-Աբասը հրամայեց՝ Երևան քաղաքի բնիկ տեղացի հայերին հանին, քշեցին, տարան Սպահան քաղաքը և բնակեցրին քաղաքամեջ մահմեդականների հետ խառնիխուռն այն թաղերում, որոնց Թաղթիղարաջա և Բաղաթ են կոչում։

Իսկ այս ժամանակ՝ այս Շահ-Աբաս երկրորդի թագավորության օրերում դաշտեցի ժողովրդին հանելուց հետո սկսեցին երևանցիների և շխշաբանցիների ժողովրդին հանել, քանզի եպարքոսը կանչեց երևանցիների ավագին, որի անունն էր խոջա Հակոբջան, այլ մարդկանց հետ և հայտնեց նրանց թագավորի հրամանը, թե պարտավոր եք ելնել քաղաքամիջից և գնալ քաղաքի ծայրամասում բնակվել։ Բազմաթիվ բարիքներ խոստացավ նրանց համար անել, քանզի երևանցիների հետ չափազանց քաղցրությամբ խոսեց։ Իսկ հայ ժողովրդից ոմանք համաձայնեցին, ոմանք՝ ոչ, կոպիտ և բիրտ հայերը սկսեցին դժգոհել և դիմադարձ կանգնել, աղմուկ բարձրացնել,