Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրարանցում ու խռովություն գցել, որոնց վերջը իրենց վնաս եղավ, քանզի բոլորը միասին եկան հավաքվեցին թագավորի ընթացքի անցատեղը և երբ թագավորը մոտեցավ նրանց, բոլորը սկսեցին բողոքել թագավորին, որոնց այդ արարքը տհաճ ու ծանր թվաց թագավորին, ուստի թագավորի ցասումով բարկացավ հայ ժողովրդի վրա։ Այս պատճառով, որ թագավորը բարկացավ հայերի վրա, այլազգիները քաջալերվեցին, զորանալով առյուծ կտրեցին հայերի դեմ և սկսեցին բռնությամբ քշել նրանց։ Քանզի եպարքոսը զորականներով հանդերձ իշխաններ նշանակեց հայ ժողովրդի վրա, որպեսզի ժամանակի զիջում չանեն նրանց, դանդաղ օրըստօրե ելնեն, այլ հապճեպ առանց ժամանակի զիջումի, ուժգին բռնությամբ քաղաքամիջից հանեն։

Եվ այս ժամանակ հայ ժողովուրդը անօգնական, որովհետև բոլոր կողմերից կտրվեց նրանց հույսի ու ապաստանի տեղը, թե թագավորից, թե իշխաններից, որովհետև բոլորին բարկացրին իրենց դեմ. նրանց վրա նշանակված իշխաններն ու զորականները խիստ նեղացնելով նրանց, ստիպում էին ելնել քաղաքից։

Արդ՝ երբ բրածեծը շատացավ հայերի գլխին, թողին իրենց բնական գոռոզությունը, որ ի բնե արմատացած է իրենց մեջ և խելքի ու զգոնության եկան, սկսեցին աղաչել իշխաններին, քանզի աղերսագիր գրեցին և հասցրին եպարքոսի ձեռքը, որպեսզի իրենց չնեղեն, այլ ներում ու ժամանակ տան, որ աստիճանաբար ելնեն։ Եպարքոսը համաձայնվեց և հրամայեց այդպես անել, ուստի հեռացան նրանց հանող զորականները։

Սրանից հետո շահը, եպարքոսը և այլ նախարարներ խորհուրդ արին և համաձայնվեցին նրանց բնակության տեղ տալ գետի այն կողմը՝ ջուղայեցիներին մոտիկ։

Սպահան քաղաքի դրվածքը այսպես է, մեծ գետը, որ գալիս է և մտնում Սպահան քաղաքը, գալիս է արևմուտքից և գնում է արևելյան կողմը, իսկ քաղաքը և բոլոր մահմահմեդականները, թագավորի պալատն ու վաճառանոցները և այն ամենը, ինչ կա, որ քաղաքին է վերաբերում, գետի հյուսիսային կողմում են։ Իսկ ջուղայեցիները հարավային կողմում