Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համաձայնեցնելով դարձնում էին մահմեդական։ Այսպիսի բաներ մենք շատ տեսանք մեր աչքերով. շատերը գնում ընկնում էին մահմեդականների տները։ Թեպետ քրիստոնյաները շատ ջանք էին թափում նրանց այնտեղից հանելու, հնարավոր չէր լինում, ուրանում էին։ Երրորդ՝ որ այնտեղ քաղաքամեջը քրիստոնյաների տեղերը շատ նեղ էին, անձուկ ու սակավաջուր, ջրի սղություն շատերն էին զգում, իսկ այստեղ նոր տեղում լայն ու ընդարձակ տեղ ստացան, որտեղ մեծածախս ու վայելուչ տներ շինեցին, լայն, ընդարձակ, զանազան հորինվածքով, բարձրաբերձ վերնահարկերով, ամառային հովանոցներով, որոնց առջև կային զվարճանքի տեղեր, պարտեզներ, ծաղիկներ և մրգատու ծառեր։ Չորրորդ՝ որ անջատվելով բաժանվեցին մահմեդական օձաբարո ազգից, որ մշտապես կծոտելով նենգում ու տանջում էին քրիստոնյաներին, իսկ այժմ բոլոր քրիստոնյաները մի տեղում են միավորված և ուրախությամբ գոհանում են տեր աստծուց, որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն։

Պետք է իմանալ նաև, երբ սկսեցին քրիստոնյաներին հանել քաղաքամիջից, մեր հայոց 1104 (1655) թվականն էր, այս ժամանակ դաշտեցիներին հանեցին։ 1105 (1656) թվականին երևանցիներին հանեցին, իսկ այժմ, երբ պատմությունը գրեցինք, մեր 1108 (1659) թվականն է, հայերը ելան քաղաքամիջից և հավաքվեցին նոր տեղում, որտեղ բնակության տներ շինեցին։ Քաղաքում քրիստոնյա ժողովրդից ոչ ոք չմնաց, այլ բոլորը հավաքվեցին նոր տրված տեղում։

ՄԻ ԱՅԼ ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆ, ՈՐ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԱՆՑՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻՆ

Ինչպես որ շատ տեղերում պատմել ենք, թե Շահ-Աբաս առաջինը ոչ թե երկու և երեք անգամ հայ ազգը Ատրպատականի երկրից քշեց Պարսկաստան, այլ շատ անգամ, ինչպես և այժմ, երբ մեր թվականության 1067 [1618] թվականն էր, մի անգամ էլ հրամայեց վերոհիշյալ թագավոր Շահ-Աբաս առաջինը հայոց ազգի վերաբերյալ՝ արտաքսել ամբողջ Ատրպատական երկրից և քշել Պարսկաստան։

Նրա հրամանով նրա իշխանները մեծ զորքով ելան, գնացին