Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևան և սրա գավառները, Գանձակ և սրա գավառները, Թավրիզ և սրա գավառները, Արտաբիլ և սրա գավառները, սկսեցին քննություն ու որոնում կատարել հայ ազգի մեջ, թե ով է բուն բնիկ, հայրերով, պապերով տեղացի, իսկ ով ոչ, այլ ուրիշ երկրից եկվոր և հավաքածու։ Բնիկներին թողեցին, իսկ եկվորների բոլորի անունները գրեցին թղթի վրա և նրանց վրա հայ ազգից պետեր ու վերակացուներ նշանակեցին, որոնց անվանեցին մելիք։ Ամբողջ ժողովուրդը հանձնեցին նրանց, որ եթե գրված ժողովրդից որևէ մեկը փախուստով կամ այլ ձևով պակասի, նրանք գտնեն, բերեն ժողովրդին խառնեն, իսկ եթե չգտնեն, իրենք դառնան թագավորին պարտական և արժանի սպանվելու։ Արդ՝ այս ձևով բոլորին հանին բնակված տեղերից և քշեցին, տարան Պարսկաստան։

Բոլոր քարգործ արհեստավորներին անջատեցին ժողովրդից, տարան Սպահան քաղաքը այն արհեստի համար, որ պետք էր գալիս այնտեղ թագավորի տան շինության և ողջ պարսից ազգի համար։ Սրանց Սպահանում բնակեցրին։

Մնացած բոլորին քշեցին, տարան Ֆահրապատ քաղաքը և այնտեղ ոմանց քաղաքում, ոմանց գյուղերում բնակեցրին, որոնք ոչ մնացին և ոչ էլ աճեցին, այլ օրեցօր պակասեցին, վատնվելով սպառվեցին դաժան, մգլահոտ, վնասակար օդի պատճառով, որին սովոր չէին։ Թեպետ շատերը փախչել կամեցան, բայց չկարողացան, քանզի ճանապարհի հսկիչները, որոնց ռահդար[1] էին կոչում, թագավորից պատվեր ունեին, թե ովքեր գալիս մտնում են Ֆահրապատի երկիրը՝ թողնել, իսկ որոնք ելնում են և կամենում են գնալ՝ արգելել: Իսկ եթե գտնեն որևէ մեկին, որ թաքուն գնացել է, բռնեն, սպանեն։ Այս պատճառով ոչ ոք չկարողացավ փախչել և այնտեղ մնալով մահվամբ ու կոտորմամբ ոչնչացան, որովհետև ավելի քան տաս հազար տուն հայեր էին գնացել, իսկ այժմ չորս հազար տուն հազիվ թե մնացած լինի։ Եվ այժմ եթե պատահի, որ մի քրիստոնյա կարևոր

  1. Ռահդար նշանակում է ուղեկալ, ճանապարհի հսկիչ։