Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդուն, որովհետև չհնազանդվեց եպարքոսի հրամանին և չգնաց։

Այս բանը հրեաների վերաբերմամբ արեց եպարքոսը, որպեսզի դրանով հրեաները պասները լուծող և հանցավոր դառնան իրենց շաբաթի հանդեպ, որը պահում են առանց գործ անելու։

Իսկ եպարքոսի զորականները, որ եկել էին հրեաներին հանելու, տանջելով, ծեծելով, սրերով ու բրերով վիրավորեցին և բռնի դուրս քշեցին բոլոր հրեաներին յուրաքանչյուրին իր բնակությունից, նրանց կահկարասին ցրեցին, դռները խորտակեցին։ Իսկ հրեաները ճիչ ու կական բարձրացնելով, աղաղակով, լալով ու ողբալով յուրաքանչյուր մեկը բռնած իրենց ուստրերի ու դուստրերի ձեռքերից և անկողիններն ու ձորձերը առած մեջքներին ելան իրենց տներից և գիշերը, անպատեհ ժամի շրջում էին մահմեդականների դռներում, փողոցներում, պողոտաներում, և չկար մեկը, որ գթար նրանց։

Ապա հրեաները ելան քաղաքից և գնացին Ջուղայի և Գավրպատի մեջ, բայց այստեղ էլ ապրելու տեղ չգտան, քանզի ինչ-որ զորականներ եկան, որպես թե եպարքոսի կողմից ուղարկված, և պատվիրեցին ջուղայեցիներին ու գավրապատեցիներին, որ նրանց տեղ չտան, ուստի և չտվին. և բոլոր հրեաները մնացին անօթևան։

Նրանք ընկան մեծ փորձանքի ու նեղության մեջ, քանզի ժամանակը ցուրտ աշուն էր և ձմռան սկիզբը, ցուրտը խիստ նեղելով տանջում էր նրանց, որովհետև ծածկից դուրս, բացօթյա էին մնացել։ Նրանց մեջ շատերը խղճալի տղամարդիկ, կանայք էին, որովհետև ոմանք ծեր էին ու տարեց, հյուծված, ուժից ընկած, ոմանք հիվանդ, ցավագար, մարմնավտիտ, որոնք շրջել չէին կարողանում։ Շատ մանկամայր կանայք, որոնք ունեին կաթնակեր մանուկներ իրենց ստինքներից կախ, որոշ կանայք հղի ու ոտքը ծանր։ Իսկ աղջիկ երիտասարդուհիներին և վայելչատես տղաներին, որոնց տարփացած պարսից ազգից պիղծ, վավաշոտ, շնաբարո տղամարդիկ ասում էին տգեղ, պիղծ ախտավոր խոսքեր ծանր ամոթահարելով նրանց: Իսկ այլ մահմեդականներ, հանդիպելիս հայհոյում էին, անարգում, արհամարհում, ծեծում և