այլ երբ լսեց նրա գալու մասին, մեծ զորք հավաքեց, շատ ուտելիք առավ, մտավ բերդը, ամրացավ և չհնազանդվեց, քանի որ բերդը ամուր էր։ Մահմադ փաշան եկավ, բերդը պաշարեց և նրա դեմ կռիվ սկսելով հզորապես մարտնչում էր։ Իսկ մյուս Մահմադ փաշան, որ բերդի մեջ էր, պատերազմը իրենից հեռու վանելու համար խորհրդակցեց իր համախոհների հետ և իր հավատարիմ մարդկանցից ոմանց ուղարկեց, որպեսզի գաղտագողի ընթացքով հասնեն շահին, որ այն օրերին Երևանի բերդի շուրջը նստած կռվում էր։ Մարդիկ հասնելով ասում են նրան. «Թագավոր, հավետ ապրիր։ Մահմադ փաշան, որ գտնվում է Արծկե բերդում, կամենում է շահասեր [շահին սիրող] լինել և բերդը հանձնել շահին: Իսկ Վանի փաշան այս բանը չի կամենում, այլ եկել շրջապատել է բերդը և կամենում է գրավել իր համար։ Այս պատճառով Մահմադ փաշան մեզ ուղարկեց քո մեծության մոտ և խնդրում է քեզնից, որ իրեն օգնության զորք ուղարկես, որպեսզի ինքը փրկվի և երկիրը բերդը հանձնի քո զորավարին»։
Իսկ չարիք մտորելու մեջ հանճարեղ Շահ-Աբասը հրամայեց Ալահվերդի խանին մեծ զորք առնել և գնալ այդ գործով։ Եվ պատվիրեց նրան. «Եթե քեզ կտա բերդը և երկիրը, շատ լավ, կտիրես երկիրը և կնստես բերդում, իսկ եթե քեզ հետ խաբեության խաղ կխաղան, ապա դու ինչ վնաս կարող ես տալ նրանց, տուր, իսկ հետո երկիրը գերելով կվերադառնաս այստեղ»։
Ալահվերդի խանը դուրս գալով Երևանից, գնաց Արծկե, իսկ Մահմադ փաշան, որ բերդը շրջապատել էր, լսելով խանի գալուստը, այնտեղից չվեց գնաց Մշո գավառը։ Խանը գալով Արծկե, սպասում էր, թե բերդի միջի Մահմադ փաշան, գալով իր մոտ, խոստումը կկատարի։ Իսկ նա չեկավ խանի մոտ և ոչ էլ բերդը հանձնեց, այլ խանի դեմ կռվի պատրաստվեց։ Խանը հարձակվեց բերդի վրա, իսկ փաշան զորքով ելնելով բերդից սկզբում փախուստի մատնեց խանի զորքը, իսկ երկրորդ անգամ, երբ կամենում էին հարձակվել բերդի վրա, խանը դարանակալներ դրեց, իսկ դարանակալներին պատվիրեց, թե դուք թաքնվելով մնացեք դարանատեղում, իսկ մենք գնալով կկռվենք բերդի դեմ, երբ