Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերդականները ելնեն, մենք կփախչենք նրանց առջևից և նրանց կհեռացնենք բերդից։ Այդ ժամանակ դուք վեր կկենաք թիկունքի կողմից, իսկ մենք առջևից մեջտեղ առնելով կկոտորենք նրանց։ Այդպես էլ արին, բերդից ելած զորքը մեջտեղ առնելով կոտորեցին, իսկ բերդի մեջ մնացած զորքը փակեց բերդը ու չհանձնեց խանին։

Երբ խանը հասկացավ բերդականների հաստատուն մտադրությունը, որ բերդը չեն հանձնելու, բերդը թողեց, հարձակվեց երկրի գավառների վրա և Արծկեի ամբողջ երկրամասը հավասարապես ավերեց և հրդեհելով այրեց, ողջ տղամարդկանց կոտորեց, իսկ ինչքն ու հարստությունը, ուստրերն ու դուստրերը, կանայք ավարի ենթարկեց ու գերեց։ Այստեղից դուրս ելավ, եկավ Արճեշ22, Բերկրի23, Վան, սրանց բոլոր գավառներում այդպես վարվեց։ Որպես գավառի տեր ու իշխան, որ առանց ահի ու կասկածանքի շրջում է իր գավառում, այսպես էլ սա էր շրջում, քանդում էր ու ավերում երկրամասը, որտեղ որ հասնում էր։ Շատ օրեր մնաց այդ տեղերում, քանի որ ոչ ոք չկար, որ կարողանար դիմագրավել նրան։ Ինչ կամեցավ ու կարողացավ անել, արեց։ Հավաքեց բոլոր գերյալներին, խոշոր անասունների նախիրներ, ոչխարների հոտեր, ձիերի երամակներ և իբրև մեծ հորդացած հեղեղ բոլորը քշեցին, բերին, հասցրին Երևան, պարսից բանակի լիության համար։ Արդ` այսպիսի պատճառով Ալահվերդի խանը գնաց Արծկե, նրա ձեռքով գերվեցին քրիստոնյա այդքան անձեր, որոնց թիվը, ասում են, եղել է քսաներեք հազար` չհաշված սպանվածները։

Բայց Երևանի բերդի մեջ գտնված օսմանական զորքը, որի գլուխը կանգնած էին Սայիդ փաշան ու Սուլեյման փաշան՝ Խըդր փաշայի որդին, քաջությամբ դիմադրելով արքային և պարսից զորքերին ճակատամարտում էին։ Բայց դիմադրեցին ութ ամիս, իսկ իններորդ ամսին անճար մնալով՝ բերդը հանձնեցին։ Քանզի օսմանցիք խորհելով տեսան, որ ոչ մի տեղից օգնության սպասելիք չկա՝ ոչ այն քաղաքներից, որ իրենց շրջապատում էին, ոչ էլ իրենց թագավորի արքունիքից, քանզի թագավորի արքունիքը խառը վիճակում էր, որովհետև սուլթան Մահմադ խոնդկարը նույն տարում մեռավ, իսկ սրա որդին՝ Ահման սուլթանը, որին թագավոր

38