կառնեն և այն, ինչ տուգանք ոք քեզնից առնեն, ես ամենը քեզ կտամ, միայն այս եմ խնդրում քեզնից, հայտնիր ինձ գործի որպիսությունը»։ Սասունի բազմաթիվ թախանձանքների, աղաչանքների ազդեցությամբ մարդը թուլացավ և Սասունին հայտնեց պիղծ Ավատիայի սպանության մասին, իսկ Սասուն իր փրկության համար պարսիկներին հայտնեց։ Պարսիկները անմիջապես բռնեցին երեք ընկերներին՝ Փինհասին և նրանց, որոնք Փինհասի հետ սպանեցին Ավատիային։ Բայց թեպետ մեծ ջանքեր գործածելով որոնեցին, Փինհասին չկարողացան գտնել, որովհետև այն գիշերը, երբ Ավատիայի դին դուրս դրեցին պողոտայի վրա, առավոտ լուսադեմին անդառնալի փախուստով Փինհասը ելավ քաղաքից, գնաց հեռու երկիր, որի պատճառով չգտան։
Սրանից հետո դիվանբեկը ատյան նստեց դատաստանի և նրա առջև բերին Ավատիայի երեք սպանողներին: Նրանց հարցրեց սպանության մասին, իսկ նրանք հանձն առան իրենց հանցանքը: Այս պատճառով դիվանբեկը վճիռ կտրեց և այս երեք սպանող մարդկանց համար հրամայեց, որ տանեն մեծ հրապարակ Ավատիայի գեշին ընդհուպ երեքին էլ սպանեն և գցեն նրա մոտ. այդպես էլ արին:
Այն ժամին, երբ դիվանբեկը եկավ նստեց դատելու սպանողներին, սրանց հետ այն բոլոր հրեա մարդիկ, որ բռնված էին պարսիկների կողմից, բոլորի ձեռքերը հետևները կապած էին և պարսիկ զորականները հսկում էին։ Նաև այնտեղ էին հավաքված պարսից բոլոր դահիճները, զինվորները, զորականները և զորապետները, նաև գրեթե միանգամայն ողջ պարսից ժողովուրդը, ոչ թե իբրև թռչունների երամներ, այլ իբրև անձրևի կաթիլներ և ավազների սարեր, որ անթվելի են, հավաքվել էին այնտեղ դատարանի դռանը այնքան, որ տեղը չէր բավարարում բազմությունը տեղավորելու: Եվ երբ դիվանբեկը հրաման տվեց երեք մարդուն տանել սպանել, այդ ժամանակ պարսիկ ժողովրդի մահմեդական բազմությունը՝ դահիճները, զորականները, ազնվական, ռամիկ սկսեցին ձեռք գցել հրեաներին՝ ծեծել, գյխատել, սրերով ու բրերով, թրի բութ ծայրով, հրացանի կոթունով, գետնի վրա քարշ տալով, ջրերի լճակները խեղդելով և դարձյալ հանելով ու ծեծելով։ Այնքան չարչարեցին