Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորակնները կատարեցին, իսկ Ավատիայի գեշը իշխանների հրամանով վերցրին գցեցին քաղաքի մեծ հրապուրակը։

Եվ ապա սկսեցին մարդկանցից երեքին և չորսին առաջ բերել ատյան, հարցնում էին, թե ո՞վ է սպանողը, իսկ հրեաները բոլորը միանման ասում էին, թե չենք իմանում։ Թեպետ շատերին հարցրին, սակայն չկարողացան գտնել, բայց գտան հետևյալ ձևով։

Հրեա ժողովրդից մի մարդ կար, որի անունն էր Սասուն։ Սա շատ հարստություն ուներ և ուրացող սպանված Ավատիայի քեռին էր, բայց ինքր Սասունը չէր ուրացել։ Մինչ Ավատիան կենդանի էր և ուրացած, մշտապես մեծաբանում էր իր քեռի Սասունի վրա, թե՝ «Քանի որ ես մահմեդական եմ դարձել, քո ողջ հարստությունը ինձ կհասնի, ուստի քեզնից պարսից օրենքով ու դատաստանով առնելու եմ»։ Իսկ Սասունը նրանից այսպիսի խոսքեր լսելով՝ չափազանց երկյուղում էր և միշտ սպասավորելով պտտվում էր նրան ուտելիքներով ու խմիչքներով և թանկագին ինչք ու դրամ նրան կաշառք էր տալիս իբրև պարգև և նրան առինքնում էր, որպեսզի գործով չկատարի, ինչ որ խոսքով ասում է։ Եվ այսպես անց էր կացնում իր օրերը։ Եվ այս օրերին ու ժամին, երբ որոնում էին Ավատիայի սպանողին և չէին գտնում, վերոհիշյալ պատճառով կասկածեցին և բռնեցին Սասունին. նրա գլխին հավաքվեցին տղամարդկանց բազմություններ՝ ասելով. «Դու ես սպանել Ավատիային քո հարստության համար, որպեսզի քեզնից չառնի»։ Եվ թեպետ Սասունը շատ էր խոսում, վկայություններ էր բերում և երդվում, բայց չէր կարողանում համոզել։ Այս պատճառով անել վիճակում ընկավ Սասունը, սկսեցին ինքն ու իր բարեկամները հապճեպ փնտռտուքով որոնել հրեաների մեջ և հարցնել սրանից, նրանից։ Այսպիսի որոնումով պատահեցին Փինհասի ընկերներից մեկին, և ցավագին պաղատանքով Սասունը ինքը հարցնում էր և սա մեծամեծ երդումներով ու բազում խոսքերով հաստատում էր, թե՝ «Ոչ ոքի չեմ հայտնի: Արդ՝ մի հնար գտիր ինձ փրկելու համար։ Որովհետև, եթե ինձ բռնեն, տուգանք, հարստություն շատ են առնելու ինձնից իմ անվան հարուստ համբավի պատճառով, իսկ քեզնից չափավոր տուգանք