հանեց թագավորից և ուղարկեց պարսից տերության բոլոր երկրները, երկրների իշխաններին, որ ուր էլ լինեն հրեաները՝ թե գյուղերում, թե քաղաքներում, բոլորը պետք է թողնեն հրեության կրոնը և ընդունեն մահմեդականությունը: Ովքեր կամավոր հնազանդվեն, լավ, իսկ ովքեր ընդդիմանան, այդպիսիներին իշխանները բռնությամբ ու տանջանքներով բերեն անապատի պիղծ հավատին [մահմեդականության]։
Եվ երբ արքունական հրամանը հասավ տեղերում, անմիջապես ինչպես եղեգնուտում բորբոքված հուր, բոլոր հրեաներին հավաքեցին և ստիպում էին կատարել թագավորի ողջ հրամանը: Բոլոր հրեաները, որտեղ էլ գտնվեին, չէին կամենում ընդունել Մահմեդի կրոնը, այլ ոմանք կաշառքով, ոմանք փախուստով, ոմանք էլ այլ հնարներով դուրս էին պրծնում: Իսկ նրանք, որոնք հնարք չէին գտնում, ակամա, առերես կեղծավորությամբ ընդունում էին մահմեդականությունը. և թեպետ պարսիկների աչքում ձևանում էին, թե մահմեդական են, բայց այդպես չէին, այլ բոլորը ծածուկ հրեական կրոնն էին պաշտում։
Հրեա ժողովրդից նրանք, որ պարսից ամեն քաղաքներում բնակվում էին, անել վիճակում գտնվելու ակամա, առերես ընդունեցին մահմեդականությունը, սրանք են. նրանք, որ բնակվում են Քաշաանում, Ղումում, Թավրիզում, Արդաբիլում, Ղազբինում, Լառում, Շիրազում, Բանդարիքում: Իսկ նրանք, որոնք կաշառքով, փախուստով կամ հայտնի դիմադրելով չընդունեցին պարսից կրոնը, նրանք են, որ բնակվում են Գուլբեքանում, Խունսարում, Բանդարում, Շուշտարում, Համադանում, Եզդում, Քիրմանում, Խորասանում, Դումավանդում, Աստապատում, Գիլանի երկրում, Ֆահրապատի գյուղերում։
Իսկ Ֆահրապատ քաղաքում բնակված հրեաները բացահայտ կերպով ընդդիմացան արքունական հրամանին և չընդունեցին մահմեդական կրոնը, և նրանց վերակացու իշխանը, որի անունն էր Միրզա Սադըղ, երբ լսեց, թե Սպահա քաղաքում բնակվող հրեաները ընդունել են տվել մահմեդականությունը, ինքն էլ սկսեց ձեռք գցել Ֆահրապատ քաղաքում բնակվող հրեաների և բռնությամբ մահմեդականացնել: