Իշխանը այս արել էր մինչև թագավորի հրովարտակի գալը. իսկ հրեաները նեղված նրա բռնությունից, իշխանի երեսին ասացին, թե՝ «Թագավորի կողմից քեզ չի հրամայված այդպիսի բան, ինչո՞ւ ես անտեղի տանջում մեզ»։ Այս խոսքի վրա իշխանը բռնությունը մասամբ թուլացրեց, բայց իր սրտում խիստ ոխ պահեց և համբերեց, մինչև արքունական հրովարտակ եկավ։ Դրանից հետո իշխանը կանչեց հրեաներին և ասաց, «Էլ ինչ ունեք ասելու, քանի որ ահա թագավորի հրաման հրովարտակը։ Արդ՝ եկեք կատարեք թագավորի հրամանը և ընդունեք մահմեդական կրոնը»։
Իսկ հրեաները հայտնի ու համարձակ ընդդիմացան՝ ասելով. «Մահմեդի կրոնը չենք ընդունում և մեր հայրենի կրոնը չենք թողնում, իսկ դու ինչ կամենում ես, արա մեր նկատմամբ»։
Իսկ իշխանը շատ չարչարանքների ենթարկեց նրանց։ Բազմաթիվ անգամ կախաղանից կախած բրածեծում էր նրանց այնքան, մինչև որ անշնչանում էին, բազմաթիվ անգամ լճի ջրում հեղձամղձուկ անելով՝ հանում էր ու նորից բրածեծում։ Նաև զորականներ ուղարկում նրանց տները նրանց ունեցվածքն ավարելու և նրանց կանանց խայտառակելու համար, որ չափազանց անպատկառորեն արին այս գործը հրեաների կանանց, ուստրերի ու դուստրերի հետ։ Եվ այս հրեաները հարուստ, ունևոր էին, որոնցից շատերը շուկայում խանութներ ունեին, որ է դուքան, որտեղ վաճառում էին թակագին կերպասներ ու արծաթեղեն անոթներ, որոնց համար իշխանը հրամայեց մահմեդականներին, որ հրեաների խանութների ամեն ինչ ավարի ենթարկեն, որ և իսկույն կողոպտեցին։ Եվ խանութների ապրանքները ոչ թե չափավոր էին, այլ՝ շատ:
Իսկ հրեա տղամարդկանցից կալանավորել էին ավելի քան հարյուր հոգի, որոնց բոլորի պարանոցներին երկաթյա ծանր ու երկայն շղթա էին գցել և բոլորին այդ շղթայով շարան-շարան կապել էին միմյանց հետևից, որովհետև շղթան մեկ էր, և միշտ բերում էին իշխանի դուռը դատելու և տանում էին բանտը պահելու համար։
Այս գործը երկարեց մինչև երեք-չորս ամիս, և այն բազմաթիվ չարչարանքներից, որոնց իշխանը ենթարկեց հրեաներին