Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բազմաթիվ տներ, ապարանքներ, շինվածքներ փլվեցին և իրենց տակ թողին բազմաթիվ մարդկանց ու անասունների։ Մեռածները այնքան շատ էին, որ բարձած սայլով տանում էին քաղաքից դուրս, թաղելիս չէին կարողանում գերեզման փորել, այլ գետինը ճեղքելով մեծ վիհ էին անում և մեռելներից ութին, տասին փաթաթում էին կտավով, դնում վիհը և հողով ծածկում։

Ութ օր երկիրը երկրաշարժի մեջ էր այնպես, որ չէին կարողանում տներում բնակվել, այլ բացօթյա վայրում վրանով էին մնում, որովհետև այդ ութ օրը երկիրը անդադար շարժման մեջ մնաց, ինչպես նավը ջրի երեսին։ Դրանից հետո մի քիչ հանդարտվեց, բայց չորս օրը, հինգ օրը, տասն օրը մեկ անգամ շարժվում էր։ Այդպես մնաց մինչև հունիս ամիսը լրացավ, ապա երկիրը աստծու ողորմությամբ կայունացավ, հանդարտվեց։

Աոաջին երկրաշարժից հետո յուրաքանչյուր ոք, ով մեռնելուց ազատվեց, եկավ իր տունը, սկսեց պեղել հողը: Հողի տակից հանում էին ունեցվածք, մարդիկ: Թեպետ մեռածները անթիվ էին, բայց և կային շատերը, որոնք աստծու խնամքով կենդանի էին մնացել. դրանց հողի տակից հանեցին, այնպես որ տասը-տասնհինգ օր հետո կենդանի մարդ էին հանում հողի տակից։

Այս երկրաշարժի օրերին եղավ նաև այնպիսի բան, որի վրա շատերը զարմանում էին։ Մի աղքատ ու չքավոր մարդ ազգությամբ հայ և հավատով քրիստոնյա նույն Վան քաղաքից, նախքան երկրաշարժը քաղաքից ելավ, գնաց Քարափոս կոչված գյուղը մուրալու։ Այս մարդը ուներ երկու որդի փոքրը մոտ տասը տարեկան էր, մի քիչ ավել կամ պակաս։ Այս երկու երեխաները մնացին տանը։ Երբ երեկոն վրա հասավ, ըստ մշտական սովորության քնեցին։ Այն գիշերը որ երկրաշարժ եղավ, սրանց տունը նույնպես փլվեց, և մանուկները մնացին տակը։ Իսկ սրանց հայրը, որ գնացել Էր Քարափոս գյուղը, քնել էր մեկի տանը։ Երկրաշարժի ժամանակ տան գերանը ընկել և ջարդել էր այդ մարդու ոտքերը։ Այս պատճառով մարդը մնաց այդ Քարափոս գյուղում միչնև համբարձումը, երբ առողջացան նրա ոտքերը։ Ապա նա ելավ, եկավ իր քաղաքը և տեսավ իր փլված տունը։