Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այդպես թողել են ծովի ջրերի խորքը։ Արդ՝ այդ գործի կատարումը այսպես է եղել, որը ծեր ու մեծ մարդիկ պատմեցին։ Իսկ գյուղացիները այնուհետև ավելի զգուշությամբ են պահպանում այն եկեղեցին ամեն ժամանակ իբրև ավանդություն հայրերից անցած որդիներին ի փառս աստծու։ Այս էլ այսպես։


ԳԼՈՒԽ ԼԷ
ՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԻՐ ՇՐՋԱԿԱ ԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ

Արդ՝ հայոց 1097 (1648) թվականի ապրիլ ամսի երկուսի ավագ ուրբաթ գիշերը, որ լուսանում էր ավագ շաբաթ օրը, կես գիշերը անցել, և վրա էր հասել առավոտվա ժամը, երբ առավոտյան աղոթքն էին կատարում, եղավ հանկարծակի թնդյուն ու դղրդյուն, որից հետո այնպիսի ահավոր երկրաշարժ, որ այդքան գավառների բնակիչներից ոչ ոք նման երկրաշարժ չէր տեսել։

Այս երկրաշարժից փլվեց Վան քաղաքի ներքին բերդի պարիսպը Թավրիզի դարպասից մինչև Իզարի բուրգը։ Նաև այստեղ-այնտեղ շատ տեղեր պարսպից փլուզվեցին ու փլվեցին, իսկ նրանք, որ չփլվեցին, խախտվեցին, որոնք բոլորը հետո քանդեցին և նորից ամբողջը շինեցին։

Վան քաղաքի եկեղեցիներից մի մասը խախտվեց, մի մասը ավերվեց, Սուրբ Սահակ անունով եկեղեցին բոլորովին ավերվեց, որը հետո խոջա Ախիջանը շինեց։ էջմիածին անունով եկեղեցին խախտվեց, որը դարձյալ նույն խոջա Ախիջանը նորոգեց ավելի լավ, քան առաջինն էր։ Սուրբ Առաքելոց եկեղեցին ներսի կողմից առաստաղը փլվեց, որը խոջա Ատոմյանները նորոգեցին։ Նաև Սուրբ Պողոս եկեղեցին գմբեթը փլվեց, որը Գերաքենց Զիրաքը շինեց։

Իսկ մզկիթներից միայն Մուստաֆա փաշայի մզկիթը մնաց և սրա մինարեն, մյուս մզկիթներն ու սրանց բոլոր մինարենեըը փլվեցին։ Վերին բերդի մզկիթի մինարեն նույնպես փլվեց։