Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղային։ Հուսեյին աղայի դեմ քինախնդրության համար Սուլեյման բեկը գյուղի տանուտերին ձողի վրա հանելով սպանեց։

Այնտեղից Սուլեյման բեկն ու Չոմարը իրենց զորքով ելան, գնացին Վարագա վանքը և այն, ինչ առաջ լսել էին Վարագի մեծահանդես միաբանությունից, այժմ աչքերով ամենը տեսան, մտքով զննեցին և մտածեցիին, թե այս վանքը ունի երկար ժամանակ մթերված ինչք ու հարստություն, պղնձյա, արծաթյա, ոսկյա սպասքներ. արդ՝ ժամանակն է, որ մենք ամբողջը գրավենք։ Այս նկատառումով հանկարծակի վանքի բոլոր բնակիչներին բռնեցին, կապեցին և պահում էին կալանքի մեջ. մեկ-մեկ բերում էին իրենց առջև, հարցնում էին վանքի ունեցվածքի մասին և նրանցից պահանջում էին։ Իսկ նրանք ինչ որ հայտնի էր, ցույց էին տալիս, այլ իրերի մասին ասում էին, թե բոլորը քաղաք են տարել և այնտեղ են պահում, որովհետև ավազակների ահուդողից այստեղ չեն թողնում։

Իսկ վանքի բնակիչներից թեպետ ոմանց ավելի, ոմանց պակաս չարչրեցին, բայց նրանց բոլորին թողին, իսկ նրանցից ով փախչելու հնար գտավ, անդարձ փախավ։

Բայց վանքի միաբաններից երեք ծեր աբեղաներ, որոնց անուններն են տեր Հովհաննես, տեր Սահակ, տեր Մովսես, բռնեցին և պահում էին կապանքներում, այն էլ մեծ զգուշությամր։ Սրանց ասում էին. «Վանքի այլ բնակիչներ ավելի փոքր են, տեղյակ չեն վանքի թաքստոցներին. սրանք հնօրյա են և ծեր, սրանք ամեն ինչից տեղյակ են։ Առաջ բերին, նախ համոզկեր խոսքերով, ապա սպառնալիքներով պահանջում էին ցույց տալ իրենց վանքի թաքստոցները: Իսկ աբեղաները ասում էին, որ իրենք բնավ տեղյակ չեն այն բաներից, որոնց մասին խոսվում է։ Քանզի իրենց կամքով ու սրտի ցանկությամբ հանձն առան մահն ու մեռնելը, քան թե ցույց տալը։

Բազմաթիվ հարց ու պատասխանից հետո սկսեցին նրանց չարչարել։ Նախ՝ ոտքերից կախեցին նրանց և բրերով խստագույնս ծեծեցին չափազանց անխղճորեն ու անչափ։ Ապա յուրաքանչյուր աբեղայի երկու ձեռքերը տարան հետևը, ապա ձեռքերի երկու բութ մատներր կապեցին իրար վրա, պարանը գցեցին նրանց երկու ձեռքերի միջև, ապա բարձր տեղից