Էջ:Arakel of Tabriz, History.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նիկողայոսը ոչ մեկին բնավ չհամաձայնվեց: Այդ պահին քաղաքի քահանաներից Մարտիրոս անունով մի քահանա հաղորդը դրած արմավի մեջ բերեց, տվեց Նիկողայոսին, որը այն առնելով ճաշակեց։ Երբ դահիճները այդ տեսան, աղմկեցին և սկսեցին հարցուփորձ անել, թե այն ինչ էր, որ քահանան տվեց Նիկողայոսին. իսկ քահանան հապճեպով խույս տվեց, փախավ տեղից ու փրկվեց։ Իսկ դահիճները բազմիցս ասացին Նիկողայոսին, թե՝ «Եկ դարձիր մահմեդական և փրկվիր մահվանից»։ Երբ չդարձավ, ապա դահիճները ասացին Նիկողայոսին. «Որովհետև չես համաձայնվում ընդունել Մահմեդի կրոնը, այժմ տարածիր քո ձեռքերը այդ քարի վրա, որպեսզի կոտրատենք»։

Եվ երանելի Նիկողայոսն ինքը ինքնին քարի վրա տարածեց երկու ձեռքերը, իսկ դահիճները խփեցին կացնով և ջարդեցին երկու ձեռքերի բազուկները, ապա պահանջեցին ոտքերը, և նա տարածեց, իսկ դահիճները փշրեցին երկու ոտքերի ոլոքները։

Նիկողայոսը այդպես ջարդոտված անդամներով այդ օրը մնաց այնտեղ հանդիսարանում ընկած, իսկ երկրորդ օրը քրիստոնյաները մոտեցան փաշային ու դատավորին և խնդրեցին թույլատրել նրան այնտեղից վերցնել և տանել իրենց տուն։ Նրանք թույլատրեցին, իսկ քրիստոնյաները նրան վերցրին տարան իրենց տուն։ Նիկողայոսը ձեռքերն ու ոտքերը ջարդոտելուց հետո կենդանի մնաց երեք օր, ապա իր սուրբ հոգին ավանդեց իբրև անուշ խունկ աստծու ձեռքը։

Այն գիշեր տեր Քրիստոսը փառավորեց նրան երկնային լույսով, որ իջավ նրա վրա։ Քրիստոնյաները բոլորը, որոնք այնտեղ էին, ականատես տեսան այն և ուրախացան. մեծ խնդությամբ ու ցնծությամբ փառավորում էին աստծուն։ Նաև ինքը սուրբ Նիկողայոսը քանի դեռ կենդանի էր, պատմեց, թե այն ժամին, երբ փշրվեցին իր ձեռքերն ու ոտքերը, տեսավ, որ պայծառ լույսը շողալով երկնքից իջավ, մտավ իր բերանը։

Սրբի մահից հետո, մյուս օրը քրիստոնյաների բազմությունը հավաքվեց, վերցրեց Քրիստոսի նահատակին սաղմոսներով, օրհնություններով տարավ հայոց գերեզմանատուն